Հռոմի Տրևիի շատրվանի մեջ նետված մանրադրամներն առաջվա պես կուղղվեն բարեգործության

Մանրամասներ

1

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի ամենահայտնի՝ Տրևիի շատրվանում նետված մանրադրամներն առաջվա պես կուղղվեն բարեգործության, հաղորդում է Sky TG հեռուստաալիքը՝ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիին հղումով:

Օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, թե Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների՝ շատրվանը նետած մանրադրամները, որոնք տարեկան հաշվարկով մոտ կես միլիոն եվրոյի են հասնում, այս տարվա ապրիլից քաղաքի բյուջե ուղղել: 

Նման որոշումը քննադատել էր միջազգային ամենամեծ՝ Caritas բարեգործական կազմակերպությունը, որին ուղղվում է գումարը: 

«Caritas-ը և դրան աջակցող հազարավոր մարդիկ կարող են հանգիստ լինել: Հաստատում եմ, որ գումարը նախկինի պես բարեգործության կուղղվի, հակառակն անելու մասին երբեք խոսք չի եղել»,- հայտարարել է Հռոմի քաղաքապետը:

Շատրվանի մեջ նետված մանրադրամները 2001թ.-ից ի վեր տրամադրում են Caritas բարեգործական ընկերությանը: Մանրադրամները հավաքվում են ամեն առավոտ և պարկերով ուղարկվում տեսակավորման՝ ըստ արժեքի: Հավերժական քաղաքի խորհրդանիշը դարձած շատրվանի մեջ մետաղադրամներ նետելով՝ զբոսաշրջիկները նորից այնտեղ վերադառնալու հույս են հայտնում: