«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի երևակայության մեջ». Լավրովը՝ Ալեն Սիմոնյանի «Լավրովի պլանի» հայտարարության մասին

Իրավիճակ

ա

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։

«Նշված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «հայ հասարակության այն մտքերին, թե Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», ասել է.«Եթե ինչ-որ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, ապա դա անելու մի քանի տարբերակ կար, այդ թվում՝ «Լավրովի պլանը»»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ, «Լավրովի ծրագիրը» նույնպես պատկանում է նման երևակայական իրողություններին»,- նշել են նախարարությունից։

Նրանք նաև հավելել են, որ «հանձնելու» մասին չի կարելի խոսել, քանի որ խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծմանը։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին։

Ինչպես ասվել է ՌԴ ԱԳՆ-ից, «առաջին փուլով նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ ձուլով՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) կարգավիճակի որոշման հետ կապված պարտադիր առնչությամբ»։

«Ծրագրի այլ տարրերից են ԼՂ-ի համար իր բնակչության լիարժեք կյանքն ապահովող իրավունքների ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի կողմից պարտավորությունների ընդունումը, ուժի չկիրառումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցը լուծել՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը», - հիշեցրել է նախարարությունը։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա այն առաջարկները, որոնք բանակցային սեղանին էին մինչև 2020 թվականի աշուն, տառացիորեն հետևյալն էին. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ կողմերի համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող համազգային քվեարկություն անցկացնելու միջոցով և իրավաբանորեն պարտադիր՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,- հավելել են գերատեսչությունում։

«Միևնույն ժամանակ, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, և ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Այդ առաջարկների մասով թեև հնարավոր չեղավ հասնել ամբողջական համաձայնության, սակայն դրանք չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ բաց են թողնվել ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից։

«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկայում ստեղծված իրավիճակի հետ և հետևություններ արեք»,- կոչ են արել ՌԴ ԱԳՆ-ից։

«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգում է այլ երկրների հասարակական կարծիքը, նույնիսկ եթե համակարծիք չէ դրա հետ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին և բարեկամներին, որոնց պատկանում է Հայաստանը», - նշել են նախարարությունից:

Նրանք հավելել են, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, և միտումնավոր կանխակալ դատողությունները, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են, հաճախ կրկնօրինակվում են լրատվական տարածքում։

«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման մասին» անհեթեթ մտքերը, այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին վերջ դնելուն օգնելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, արդեն խոսում են»,- ասել են գերատեսչությունում։

«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։