Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 5 տոկոսով

Մանրամասներ

ա

Նախորդ տարեվերջի դրությամբ այս տարվա ինն ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 5 տոկոսով, այդ թվում՝ արտաքին պարտքն աճել է 2,3 տոկոսով։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 4 տրիլիոն 370 մլրդ դրամ է կազմել, որից 4 տրիլիոն 141 մլրդ դրամը կառավարության պարտքն է։ «Կարևոր է շեշտել, որ մենք ունենք փոփոխություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ։ Մասնավորապես, պարտքի ընդհանուր չափն աճել է 205 մլրդ դրամով կամ մոտավորապես 5 տոկոսով, այդ թվում՝ կառավարության պարտքն աճել է 5,5 տոկոսով, արտաքին պարտքը՝ 2,3 տոկոսով։ Ներքին պարտքն աճել է 15 տոկոսով, և ԿԲ արտաքին պարտքը նվազել է 4,7 տոկոսով»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ պարտքի ցուցանիշներում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ փոխարժեքային փոփոխություններ են եղել, այսինքն՝ փոխարժեքային փոփոխությունները պարտքի դրամային մեծության վրա արտահայտվում են։ Այս տարվա ինն ամիսներին արտարժութային պարտքը 73 տոկոս է կազմել, իսկ դրամով ներգրավված պարտքը՝ 27 տոկոս։ Նախորդ տարեվերջի համեմատ պարտքի կառուցվածքի որոշակի բարելավում է եղել՝ դրամով ներգրավված պարտքի համամասնությունը մի փոքր աճել է։

«Մեր դիվերսիֆիկացման և պարտքն ավելի կառավարելի դարձնելու նպատակը պահանջում է ժամանակի ընթացքում մեծացնել դրամով ներգրավված պարտքը։ 2022 թվականի ավարտի համար մենք պատկերացնում ենք, որ պետք է մեր պարտքի ընդհանուր կառուցվածքում 30 տոկոսը դառնա դրամային պարտքը, և միայն 70 տոկոսը դառնա արտարժութային։ Ըստ տոկոսադրույքների՝ մենք շարունակում ենք ունենալ պարտքի կառուցվածքում ֆիքսված տոկոսադրույքով 82,4 տոկոս կշիռ ունեցող վարկեր կամ պարտք, և ունենք լողացող տոկոսադրույքով 17,4 տոկոս պարտք։ Որքան շատ ֆիքսված տոկոսադրույքով պարտք ենք ձևավորում, դա մեզ համար ավելի բարձր կանխատեսելիություն է ապահովում ապագայում»,- հավելեց նախարարը։