Արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար․ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան. Սերժ Սարգսյան

Մանրամասներ

«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ իր ելույթում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործընկերներին կոչ է արել նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

«Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։

Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ՝ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար, և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:

Իմ գործընկերներին կոչ եմ անում նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ–ում կայացած արտահերթ ընտրություններին, Ս․ Սարգսյանն ասել է․ «Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները՝ որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ։

Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:

Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։

«Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով։

Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։

Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։

Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր, որ Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ նախաձեռնությունները՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և նրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, որոնք ստորագրվել են 2010 թվականին, ճիշտ էին։ Առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։ Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն՝ նաև հակադիր»: