Դա խաղաղություն չի, դա մահ է ուղղակի. Հոգևոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տեսանյութ

Մանրամասներ

ա

Հայ ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որն ապացուցում է՝ հոգևոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին։ Պարտվել է, որովհետև համատարած քաոս է ստեղծվել՝ կառավարելի թե անկառավարելի, դա էական էլ չէ։ Մարդկանց զրկել են լսելու ունակությունից, ահագնացրել են ատելության մթնոլորտը, թեև ես, որպես հոգևորական, մշտապես խոսել և խոսում եմ հաշտության օրակարգի մասին։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես բնութագրեց այսօրվա հայաստանյան իրավիճակը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով.

«Պետք է լուծումներ գտնել, թե ինչպես հաշտություն կնքել մեր ներքին կյանքում։ Աստված մարդու հետ հաշտություն կնքեց խաչելությամբ և արյունով՝ հիմա մենք պետք է պատրաստ լինենք դրան»։

Նրա խոսքով՝ վերատեսության ենթարկելով Հայ Առաքելական եկեղեցու անցած ողջ ուղին՝ ականատես ենք լինելու, որ եկեղեցին, թեև եղել է թիրախավորված, արել է ամեն ինչ սևերի և սպիտակների բաժանումը բացառելու համար: Սակայն այն, որ հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին, վկայում է, թերևս, որ հանրության բոլոր շերտերի մեջ միմյանց նկատմամբ ատելությունը բացառել եկեղեցուն էլ չի հաջողվել։

«Հոգևոր Հայաստանը տեսիլքի վերականգնումն է, թե ի՞նչ ենք ուզում մենք ունենալ, բայց արդյո՞ք այս հարցադրումը անհատապես կամ հավաքական մակարդակում ինքներս մեզ տալիս ենք։ Հոգևոր Հայաստան ասելիս՝ ես նկատի ունեմ անանցանելի, մշտապես ներկա արժեքները, իսկ հիմա մենք կարծես գտնվում ենք մեկը մյուսին կողոպտելու իրականության մեջ»,- ասաց Սրբազանը՝ հավելով, որ դա է նաև պատճառը, որ մենք այսօր հրատապ՝ գաղափարների կարիք ունենք։

«Հայաստանում գաղափարական դաշտ ուղղակի չկա. մեզ համար ամեն ինչ միջավայրային է դարձել, գաղափար չկա, ու մենք ունենք միջավայրը մաքրելու խնդիր։ Մաքրելու տարբերակներից մեկը շատ խոսելն է. եթե օրը մեկ հոգի էլ դարձի գա, դա մեծ ճանապարհ է։ Մենք այսօր խոսում ենք հայրենիքի մասին, բայց մյուս կողմում տեսնում ենք մի փոր հացի մասին խոսացող մարդուն, մի աման ճաշով իրենց անդրանկությունը վաճառողին ու հենց գաղափարի խնդիրը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ շեշտելով, որ հիմա վաճառվելու դիմաց մեզ առաջարկում են խաղաղություն, բայց ինչպիսի՞ ։

«Բոլորն են խաղաղություն ցանկանում, բայց հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տեսակի խաղաղություն են առաջարկում, չէ՞ որ ճահիճն էլ է խաղաղ, օվկիանոսն էլ է խաղաղ։ Մենք ինքնապատրանքի խաղաղություն ենք ուզում, բայց ոչ մի տեսակի խաղաղություն էլ գոյություն չունի։ Իշխանությունը մեզ ճահճի, կործանվելու խաղաղություն է առաջարկում. դա խաղաղություն չի, դա մահ է ուղղակի։ Առաջարկում են՝ երևի Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությամբ պայմանավորված, եթե, իհարկե, մրցանակ հասնի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում