Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

1990 թվականի օգոստոսի 6-ին ՌՍՖՍՀ գերագույն խորհրդի նախագահ Բորիս Ելցինը, գտնվելով Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, հայտարարեց՝ «վերցրեք այնքան սուվերենություն, որքան կկարողանաք կուլ տալ»: Նույն արտահայտությունը նա կրկնեց նաև Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում: Թե Թաթարստանը և թե Բաշկիրիան, ի թիվս 14 այլ սուբյեկտների, համարվում էին ինքնավար մարզեր ՌՍՖՍՀ կազմում: Այս հայտարարությունից երկու շաբաթ անց Թաթարստանն ընդունեց սուվերենության հռչակագիրը: Հռչակագիրներից շատ ավելի հեռուն գնացին Չեչնիայի անկախականները, որի արդյունքում տեղի ունեցավ երկու պատերազմ ու առնվազն 20,000 մարդ զոհվեց:

Սուվերենությունների այս շքերթը հրահրվում էր ԽՍՀՄ փլուզման նպատակով: Սովետն ուներ աշխարհի հզորագույն բանակներից մեկը, հետևաբար ուղիղ առճակատումը նպատակահարմար չէր: Շատ ավելի արդյունավետ էր ներսից կազմաքանդելը, ինչն էլ արվեց: Հունիսի 12-ի ՌՍՖՍՀ ԳԽ որոշմամբ Ելցինը Ռուսաստանը փաստացի հանեց ԽՍՀՄ-ից ու կոչ արեց Ռուսաստանի կազմում գտնվող սուբյեկտներին նույնպես սուվերենանալ: ԽՍՀՄ փլուզման ավարտին պես նա փորձեց զսպել անկախական շարժումները, ինչի արդյունքում էլ սկսվեց պատերազմը Չեչնիայում, որտեղ մինչ օրս այդ կրակը չի մարվել: Թաթարստանն էլ հետ չի մնում` հրաժարվելով չեղարկել ՌԴ սահմանադրությանը հակասող դաշնային սուբյեկտի նախագահի պաշտոնը: Նույն կարգի կրքեր են եռում մինչ օրս նաև Ուֆայում:

Լինելով համապարփակ փլուզման շեմին` 90ականներին Ռուսաստանը, այնուամենայնիվ, կարողացավ պահպանել իր սահմանները: Որոշ դիվանագետների պնդմամբ՝ դա արդյունք էր այն բանի, որ թեկուզ և սովետական միջուկային պոտենցիալը հնարավոր չէր կիրառել, ասենք, Կազանի կամ Ուֆայի վրա, այն հնարավոր էր արտահոսել և այդպիսով սպառնալիք դարձնել արևմուտքին: Միջազգային հանրության համար շատ լուրջ խնդիրներ կարող էին առաջանալ, եթե սովետական միջուկային զենքերը հայտնվեին այնպիսի պետությունների ձեռքերում, ինչպիսիք էին Իրաքը, Լիբիան, Սիրիան կամ Իրանը: Ելցինը կարողացավ համոզել արևմուտքին, որ տոտալ կազմաքանդման դեպքում նա չի կարողանա վերահսկել միջուկային զենքի շարժը, ինչի դիմաց և ստացավ որոշակի ժամկետով Ռուսաստանը պահպանելու «քարտ բլանշը»:

Անցավ որոշակի ժամանակ և հիմա, երբ Իրաքը, Լիբիան ու Սիրիան շատ հեռու են միջուկային ամբիցիաներ ունենալու մտքից, իսկ Իրանը բանակցում է սեփական միջուկային ծրագրի շուրջ, ռուսական միջուկային արսենալն այլևս արդիական սպառնալիք չէ: Հետևաբար ՌԴ ղեկավարությունը ստիպված է սպառնալ միջուկային հարվածով սեփական սահմաններին ոտնձգության դեպքում: Մնում է հասկանալ` ու՞մ են հարվածելու` Դոնբաս մտած Կիևի՞ն, Ինգուշետիայի հետ հակամարտող Չեչնիայի՞ն, թե՞ Էրդողանի հետ ծավալուն երկկողմ օրակարգ ունեցող Ուֆային ու Կազանին:

Իրանի ԱԳ նախարարի` գարնանն արտահոսած հարցազրույցից հայտնի դարձավ, որ Իրանի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդը հիմա Ռուսաստանն է, քանի որ Իրան-արևմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս ոչինչ չի կանգնեցնի Ռուսաստանի ներսում սեպարատիստական շարժումները:

Էս պահին Իրանի համար պրոբլեմ կարող է դառնալ միայն Ադրբեջանի հետ լուրջ բախումը, ինչը խիստ անհրաժեշտ է Իսրայելին ու Ռուսաստանին: Հետևաբար Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը:

Իրանի հետ բանակցությունները սկսում են այսօր ժամը 16:00-ին:

Արթուր Դանիելյան