​​​​​​​Այն պահին, երբ այստեղ հայտնվեն ռեալ ուժեր, անձինք, թիմ, ովքեր պատրաստ են վերցնել իշխանությունը, այս իշխանությունը չի դիմանա

Ադրբեջանի հաբռգածությունն այն պատճառով է, որ Բաքուն գիտի՝ այստեղ իշխանություն չկա

ա

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ավելի վաղ պետք է անցկացվեր, բայց նոյեմբերի 9-10-ի հանդիպումը, հավանաբար, այդքան էլ հայկական կողմի սրտով չի եղել:

«Հայկական կողմը որևէ ցանկություն չուներ գնալ այնտեղ և պարտվածի կարգավիճակում ուղիղ մեկ տարի անց էլ դառնալ ծաղրի առարկա: Հավանաբար, հենց դրանով էին պայմանավորված հայկական կողմի խաղերը, այդ թվում՝ եվրոպացիների հետ: Եվ եվրոպացիների հայտարարությունը, որ տեղի կունենա հանդիպում, հավանաբար, ստիպեց ռուսական կողմին՝ ադրբեջանցիներին խնդրել, որպեսզի հանդիպումն անցնի զուսպ կերպով, այսինքն՝ առաջվա նման Ալիևը չփորձի ինքնահաստատվել հայկական կողմի հաշվին, ինչը մենք գլոբալ առումով տեսանք: Ստորագրվածը հայտարարություն էր հայտարարության համար, բոլորս էլ պատկերացնում ենք, որ այս պահին գլոբալ ասելիք չկա: Այդ հայտարարությունում տեղ գտան այն կետերը, որոնց մասին ամիսներ շարունակ խոսվում է, այսինքն՝ տարածաշրջանային կոմունիկացիաներ, և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված ստեղծել հանձնաժողով: Ընդ որում, հայտարարության մեջ ժամկետներ չկան: Ընդհանրապես, նման հանձնաժողով ստեղծելը և դրանցով առաջնորդվելը տարիների հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ մինչև այժմ եղած պրակտիկան չի՞ հուշում, որ Ադրբեջանի հետ դեմարկացիան շատ արագ է արվում, այսինքն՝ Ադրբեջանը մտնում է ՀՀ տարածք, հետո իշխանություններն այդ տարածքը հայտարարում են ադրբեջանական, և ըստ էության, դեմարկացիան և դելիմիտացիան տեղի է ունենում, նա պատասխանեց. «Այն, ինչ դուք նշում եք, սահմանագծում և սահմանազատում չէ, այլ ընդամենը հաղթողի կարգավիճակից Ադրբեջանը փորձում է առավելագույնը պոկել հայկական կողմից, բայց այնպես չէ, որ դա դե յուրե դարձավ ադրբեջանական տարածք»:

Ճշտեցինք՝ այսինքն՝ արդրբեջանցիները կարող են վերադարձնե՞լ այդ տարածքները:

«Հայկական կողմի խնդիրը ոչ թե տարատեսակ մեյմունություններով զբաղվելն է, այլ օր առաջ վերականգնել պետականությունն ու բանակը: Եթե մենք ունենանք Ադրբեջանի բանակին հակակշռող բանակ և այստեղ ունենանք պետականություն, ապա այդ հարցերը շատ արագ կլուծվեն, ադրբեջանցիները կարող են իրավիճակը բախումների էլ չհասցնել և խելոք հեռանալ այդ տարածքներից, որովհետև իրենք հոյակապ գիտեն՝ որ տարածքն է իրենցը, որը՝ ոչ»,- պարզաբանեց Արգիշտի Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը հստակ ասում է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է հաշտ և խաղաղ ապրեն.

«Երեկ Պուտինը Ալիևին և Փաշինյանին նվիրեց ձիթենու ճյուղեր՝ որպես խաղաղության խորհրդանիշ: Պատերազմի ավարտից հետո Մոսկվայի հռետորաբանությունը հենց այդ ուղղությամբ է գնում, հավանաբար, սա Մոսկվային պետք է, որ կյանքի կոչի միութենական մոդելը և երկու պետությանն էլ ներգրավի դրա մեջ:

Եթե հիմա Ռուսաստանը գնում է ՍՍՀՄ 2 մոդելով, որը դեռ բավականին ամորֆ է, բայց Մոսկվայի մոտ ակնառու կերպով կա դրա ցանկությունը, ինքը ամեն կերպ փորձելու է առաջ տանել երկու ազգերի միջև խաղաղության մոդելը: Ես դրա համար չեմ բացառում, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, դրանք իր խոսքերը չեն, դրանք, Մոսկվայում տարբեր հեռախոսազրույցների և հանդիպումների ժամանակ իրեն բացատրել են, որ մոդելը սա է»:

Նա անդրադարձավ նաև Վլադիմիր Պուտինի կողմից «միջանցքներ» տերմինի կիրառմանը՝ նշելով, որ Ալիևն այդ տերմինը չօգտագործեց. «Հավանաբար, ռուսները դրա տակ հասկանում են ճանապարհներ՝ իրենց վերահսկողության տակ, այն, ինչ ստորագրվել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթում: Ադրբեջանն ու Թուրքիան դա պատկերացնում են իրենց վերահսկողության տակ, իսկ այն փաստաթղթով, որը ստորագրվել է, այդ ճանապարհները պետք է լինեն ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ: Ընդ որում՝ Պուտինի ասած միջանցքների տակ կարող են հասկացվել նաև մնացած բոլոր ճանապարհները, որ պետք է լինեն նույն կարգավիճակում, այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը: Հավանաբար, հենց դրանից ելնելով՝ ՌԴ նախագահն օգտագործեց միջանցքներ արտահայտությունը»:

Արգիշտի Կիվիրյանն ընդգծեց, որ Հայաստանում իշխանություն չկա. «Եթե Հայաստանում իշխանություն լիներ, ադրբեջանցիք ամեն անգամ կտոր-կտոր չէին տանի: Բաքուն գիտի, որ Հայաստանում իշխանություն չկա, դրանից է ինքը օգտվում: Անհնար է մտնել մի տարածք, որտեղ կա իշխանություն: Հենց Ադրբեջանի այդ հաբռգածությունն այն պատճառով է, որ Բաքուն գիտի՝ այստեղ իշխանություն չկա: Այլ հարց է, որ չկան նաև անձինք, ովքեր պատրաստ են վերցնել իշխանությունը: Այն պահին, երբ այստեղ հայտնվեն ռեալ ուժեր, անձինք, թիմ, ովքեր պատրաստ են վերցնել իշխանությունը, այս իշխանությունը չի դիմանա: Անգամ ՏԻՄ ընտրություններում տեսանք՝ ինչ խղճուկ վիճակում հայտնվեցին իշխանության թեկնածուները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում