Փաշինյանը նոր պատերազմի է տանում. Դավիթ Շահնազարյան

Մանրամասներ

1

1992թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա արձանագրել է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը հենց այդ օրենքով արգելված փաստաթուղթ է, մինչդեռ դա է Նիկոլ Փաշինյանի նպատակը ու փաստել, որ վաղուց է բարձրաձայնել այն մասին, որ սա դրսից ձևավորված իշխանություն է, և սպասարկելու է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

«Ըստ էության նրան իշխանության են բերել «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևով։ Արցախն ընդամենը իրենց առաջին ճաշատեսակն էր, հիմնական ճաշատեսակը Սյունիքն է»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։

Վերջինս ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու։ Անընդհատ տարածքներ է հանձնում՝ ասելով, որ պատերազմ չլինի և խաղաղության օրակարգն է առաջ տանում, մինչդեռ Դավիթ Շահնազարյանը վստահեցնում է՝ խաղաղություն չի կարող լինել, եթե պատրաստ չես պատերազմելու։

ԱԱԾ նախկին ղեկավարի արձանագրմամբ՝ այս փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից։ Ավելին, ըստ նրա Ադրբեջան այս պահին իր հսկողության տակ է պահում ոչ թե 41 ք/կմ ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչպես հայտարարել է նիկոլ Փաշինյանը, այլ դրա կրկնակին։

«Իր ասած 41 ք/կմ-ն իրականում երկու անգամ ավելին է, և չկա պահանջ, որ մինչև ադրբեջանական զինված ուժերը դուրս չգան, դելիմիտացիայի մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Կառավարության նիստում նա օգտագործեց ագրեսիա արտահայտությունը, ինչը չասաց երեկվա հանդիպման ժամանակ։ Ընդամենը օգտագործեց ներխուժում բառը և դրանից հետո հույսը միջազգային հանրության վրա՞ է դրել։ Եթե միջազգային հանրության վրա ես հույս դրել, ուրեմն Բրյուսելում այդ հարցը պետք է բարձրացնես։ Պետք է բարձրացնի ռազմագերիների, Ադրբեջանի կողմից վարձկանների, ֆոսֆորային ռումբեր օգտագործելու հարցերը»,-նշել է Դավիթ Շահնազարյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարն ընդգծեց՝ ներկայիս իշխանությունները թուլացրեցին երկիրը՝ ավելացնելով, եթե թույլ ես, դաշնակիցներդ քեզ չեն ներում, իսկ թշնամիները քեզ չեն խնայում։

Դավիթ Շահնազարյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։