Հույս ունենք, որ Սոչին նշանակալի ազդեցություն կունենա Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսական կողմը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների  հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մեր, ինչպես նաև այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում ապրող մարդկանց սպասելիքն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ սկսի այդքան սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով, հանդիպման նպատակն է քննարկել անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի իրականացման արդյունքները, տեսնել, ինչ է արվել, ինչ պետք է արվի հետագայում, որպեսզի առաջ մղեն խաղաղ գործընթացը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։

«Մենք հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- նշել է Ռուդենկոն։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում կան խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են։

«Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցություններին, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, որտեղ ցավոք սրտի, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում զինված միջադեպերի, որոնց հետևանքով մարդիկ են մահանում»,- ասել է նա։