Սոչիում կարող են կայացվել որոշումներ

Մանրամասներ

1

Կարծում եմ՝ եռակողմ ինչ-որ հայտարարություն լինելու է, ինչպես եղավ այս տարվա հունվարին: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը՝ անդրադառնալով վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիեւ կայանալիք եռակողմ հանդիպմանն ու դրա հնարավոր արդյունքներին:

«Բարդ է ասել՝ ինչպես կարող է նոր հայտարարության ընդունումն անդրադառնալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա, որովհետեւ տեղյակ չեմ քննարկված փաստաթղթերի բովանդակությունից: Բանակցություններն այս ընթացքում բավական ինտենսիվ են եղել՝ թե՛ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, թե՛ Երեւան-Մոսկվա եւ Մոսկվա-Բաքու ձեւաչափերում»,- նկատեց Սիլաեւը:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այն, որ Սոչիում կայանալիք հանդիպման մասին կողմերը պաշտոնապես հայտնեցին այն բանից հետո, երբ օրեր առաջ Փաշինյանն ու Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն իսկ պայմանավորվածություն էին ձեռք բերել դեկտեմբերի 15-ին հանդիպելու Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում: Ռուս քաղաքագետը նկատում է՝ դա որեւէ կապ չունի այս ամենի հետ:

«Բրյուսելում սպասվող հանդիպումը չի նախապատրաստվել այնպես, ինչպես այս մեկը: Բրյուսելի հանդիպման ժամանակ չեն կայացվի այնպիսի որոշումներ, ինչպիսիք որ Սոչիի հանդիպմանն են սպասվում, որովհետեւ Բրյուսելի հանդիպումը հանպատրաստից է կազմակերպվել՝ «ոտիք վրա»: Այո, այնտեղ կհանդիպեն, ինչ-որ բաներ կասեն միմյանց, եւ վերջ, իսկ Սոչիում կայանալիք հանդիպումից մենք կոնկրետ որոշումների ենք սպասում: Այն, որ Սոչիի հանդիպման մասին հայտարարվեց, եւ այն կայանալու է, վկայում է նրա մասին, որ բավական ինտենսիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, ինչը նկատելի չէ Բրյուսելի հանդիպման պարագայում»,- նկատեց Սիլաեւը:

Նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելին, Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ վերջինի խնդրանքով, տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, եւ որ դրան վերաբերող հարցերն են քննարկվելու Սոչիում կայանալիք հանդիպմանը: Արդյո՞ք Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններ կազմակերպելու հարցում գոյություն ունի մրցակցություն, թե՞ ոչ: Սիլաեւի դիտարկմամբ՝ այս հարցում մրցակցության մասին խոսելը տեղին չէ:

«Ես այս հարցում «մրցակցություն» բառը բացարձակապես անտեղի եմ համարում, որովհետեւ բոլորն են շահագրգռված ռազմական նոր բախումների ռիսկերը նվազեցնելու հարցում: Այդ առումով մրցակցելը պարզապես ցինիկ քայլ կլիներ՝ Ռուսաստանը որեւէ մեկի հետ չի մրցակցում: Այնպես որ, կարծում եմ, սա այն դեպքը չէ, երբ տեղին է այդ բառը կիրառել»,- նշեց Սիլաեւը:

Հարցին՝ կարելի է՞ այդ դեպքում եզրակացնել, որ Մոսկվային Եվրամիության միջնորդությամբ սպասվող հանդիպումը, որպես այդպիսին, չի անհնագստացնում, ռուս քաղաքագետն արձագանքեց. «Ոչ, կարող ենք ասել, որ այդ հանդիպումը Մոսկվային չի անհանգստացնում»:

Սիլաեւի գնահատմամբ՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ կողմերը պետք է պայմանավորվեն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Իսկ ո՞րն է Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանի հետ կապող կոմունիկացիոն ուղիների ստեղծման եւ, մասնավորապես, դրանց կարգավիճակի հարցում:

«Դուք հիմա խոսում եք կոմունիկացիոն առանձին երթուղու մասին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում տարածաշրջանային բոլոր տրանսպորտային հաղորդակցական ուղիների մասին, իսկ առանձին հիշատակված է Լաչինի միջանցքը, որը ռուս խաղաղապահների կողմից է վերահսկվում: Կարծում եմ՝ Ռուսաստանի փոխվարչապետն այդ հարցին պատասխանել է (Ալեքսեյ Օվերչուկն այս տարվա նոյեմբերի 5-ին Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները»-News.am): Իմ կարծիքով, դատելով մամուլի հրապարակումներից, դա արդեն բարձր մակարդակում համաձայնեցված մոտեցում է»,- նկատեց ռուս քաղաքագետը:

Սիլաեւի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ռազմական նոր բախումների հավանականությունը պահպանվում է:

«Կարծում եմ՝ այո, ցավոք սրտի, դրա հավանականությունն ու ռիսկերը պահպանվում են: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, կարծում եմ, անդրադառնալու են այդ խնդրին Սոչիում կայանալիք հանդիպմանը»,- կանխատեսեց Սիլաեւը: