Քովիդից մահվան տվյալներն ունեն մոտ 700 դեպքի տարբերություն․ նշանակված է քննություն․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

1

Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դպրոցական արձակուրդները որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում և շատ կարևոր է, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք։ Պետք է արձանագրել, որ ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը և առնվազն այլ երկրների հետ համեմատած չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ ավելի լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները»,–ասաց նա և նշեց, որ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին պատվաստումից հետո 700 հազար դեպքից ոչ մի բարդության դեպք չկա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երեկվա դրությամբ 7666 թեստավորված քաղաքացներից 592 դրական դեպք է արձանագրվել, մահացել է 40 քաղաքացի։ «Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց վեց ամիսն արդեն լրացել է և կհաստատվեն հստակ կարգերը»,–ասաց նա և նշեց, որ ամբողջությամբ բնակչության 20 տոկոսն է պատվաստված։

«Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդամենը 114–ն են պատվաստված, ինչը լավ ցուցանիշ է»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային-վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,–ասաց նա։