Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը

Մանրամասներ

ա

Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը եւ դրա մայր ընկերությանը՝ iPhone-ի օգտատերերին հաքերային գործիքի միջոցով թիրախավորելու համար, հայտնում է BBC-ն։

NSO Pegasus ծրագրային ապահովումը կարող է վարակել ինչպես iPhone-ները, այնպես էլ Android սարքերը, ինչը թույլ է տալիս օպերատորներին հաղորդագրություններ, լուսանկարներ եւ նամակներ դուրս բերել, ձայնագրել զանգերը եւ գաղտնի ակտիվացնել խոսափողներն ու տեսախցիկները:

NSO Group-ը հայտարարել է, որ իր գործիքները ստեղծվել են ահաբեկիչների եւ հանցագործների դեմ պայքարի համար: Բայց ենթադրաբար այն օգտագործվել է նաեւ ակտիվիստների, քաղաքական գործիչների եւ լրագրողների դեմ։

NSO Group-ն հայտարարում է, որ Pegasus-ը մատակարարում է միայն ռազմական, իրավապահ եւ հետախուզական գործակալություններին այն երկրներից, որոնք մարդու իրավունքների ոլորտում լավ արդյունքներ ունեն: Սակայն այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտոնյաներն ընկերությանը ներառեցին սեւ ցուցակում՝ հայտարարելով, որ ծրագրային ապահովումն «արտասահմանյան կառավարություններին թույլ է տվել անդրազգային բռնաճնշումներ իրականացնել, ինչն ավտորիտար կառավարությունների՝ այլախոհներին, լրագրողներին եւ ակտիվիստներին ուղղված պրակտիկա է»:

Apple-ը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի NSO Group-ը եւ դրա մայր ընկերությունը OSY Technologies-ը «պատասխան տան Apple-ի օգտատերերին հետեւելու եւ թիրախավորելու համար»: «Իրենց օգտատերերի հետագա չարաշահումը եւ վնասը կանխելու համար Apple-ը նաեւ ձգտում է ընդմիշտ արգելել NSO Group-ին Apple-ի ցանկացած ծրագրակազմ, ծառայություն կամ սարք  օգտագործել»: