Եթե Փաշինյանն ասում է` ոչ, գնում Օնիկին ես հարցնում. Վերջ. Թնջուկը լուծված է. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նկարում պատկերվածը մեր դիրքի դիտակետերից մեկն էր, որը շարքից դուրս եկավ պատերազմի առաջին իսկ շաբաթում: Տանկից արձակված արկերից մեկը խոցեց կողքի բլուրը և պայթյունը փլուզեց դիտակետի բետոնե շպալերը` ծանր վիրավորելով ժամկետային զինվորներից մեկին: Մեր գծում հակառակորդը խոշոր հարձակման փորձ նախաձեռնեց 3րդ օրը, այն տապալվեց` մեր թիկունքում տեղակայված հրետանավորների ու գնդի հրամ կազմի շատ հմուտ աշխատանքի շնորհիվ: Հետո եղավ ևս մեկ փորձ գրոհելու ուղղաթիռի ուղեկցությամբ, բարեբախտաբար էս անգամ նույնպես մեր կողքի դիրքերից մեկից արագ խոցեցին ուղղաթիռն էլ, ԱԹՍ-ներն էլ: Սրանից հետո ադրբեջանցիք մեր ուղղությամբ աշխատում էին միայն հրետանիով ու տանկերով:

Հիշյալ երկու փորձերի տապալումից հետո սրանք նաև փորձեցին տանկային գրոհ սկսել, բայց ուղղաթիռ կորցնելուց հետո շատ զգուշավոր էին: Երկար էին պատրաստվում ու ստուգում մեր զգոնությունը: Տանկերն անընդհատ բարձրանում էին արհեստական բլուրների վրա, մի քանի վայրկյան սպասում, փորձելով հասկանալ, որտեղից իրենց վրա կկրակեն, ու հետ էին իջնում: Ընդ որում, ամեն անգամ թաքստոցից դուրս գալուց մի քիչ ավելի շատ էին մեզ սադրում, տանկի կորպուսից մի փոքր ավելի շատ էին ի ցույց դնում:

Սրանց դեմն առնելու նպատակով հրամկազմը որոշեց մեզ տրամադրել մեկ հակատանկային հաշվարկ: Հաշվարկ կոչեցյալը մեկ պայմանագրային ծառայող Սանոն էր, երկու ժամկետային ջահել ու մեկ հին, բայց յուղը վրեն սովետական Ֆագոտ: Մեր Սանոն գալիս է դիրք ու դարանակալում է: Ինչոր պահի դիմացի տանկերը շատ են արխայնանում ու արդեն ամբողջ կորպուսով բարձրանում են բլրակի վրա: Սանոն հրաման է ստանում խոցել ու կրակում է: Ֆագոտի հրթիռը թռնում, հասնում է հակառակորդի տանկին ու վերջին պահին կտրուկ շեղվում դեպի վերև: Էս տանկը իջնում է, մյուսն է բարձրանում: Սանոն էլի հրաման է ստանում կրակել, էլի կրակում է ու հռթիրը նույն կերպ շեղվում է:

Գումարտակի հրամանատարը քֆրտոցը կապում է գնդի ռադիոկապով: Վաշտի հրամանատարը սկսում է Սանոյին հանգստացնել, դուխ տալ, մենք համոզում ենք, որ նորից կրակի, որտև եթե ադրբեջանցիք զգային, որ գրոհելու շանս կա, առնվազն մի 10-15 տանկով մեզ ուղղակի տրորելու էին: Մեր Սանոն անդրդում է մնում, ինչ պատճառ ասես բերում է, էնքան, որ նորից չկրակի: Հիմա չգիտեմ` քֆուրից էր նեղվել, հռթիրը չէր ուզում վատներ, թե իրոք վախում էր, որ տանկը իր տեղը կֆիքսի...

Ինչպես և ակնկալում էինք, ադրբեջանցիք դուխավորված, սկսում են գրոհը: Առաջին տանկը դուրս է գալիս ու սկսում իջնել բլրակից ու տեղում խոցվում է մեզ հետ աջ կողմից սահմանակից Մարտունի-3ի դիրքերից մեկից: Քանի որ իրենք տանկը կողքից էին տեսնում, թիրախ բռնելը շատ ավելի հարմար էր ու, ինչքան հասկանում եմ, խոցել են «Ֆագոտից» ավելի արդիական «Կոռնետով»: Տանկիստն էլ ըստ երևույթին պարզապես չի տեսել հռթիրը ու «Շտորա» պաշտպանական համակարգը չէր միացրել: Կամ էլ տվյալ տանկը գուցե չուներ էլ դրանից: Ինչևէ, սա նկատելով, մնացած տանկերը միանգամից հետ են քաշվում, իսկ մենք` շունչ:

Ընկնում ենք մեր Սանոյի ջանը, ով իմիջիայլոց վատ տղա չէր: Խնդիրը նրանում է, որ նա ոչ վատ տղա էր, ոչ էլ` «Ֆագոտչիկ»: Նա եղել է Ասկերանի գնդի բանշիկը: Իր գործը լավ է իմացել, զինվորներն էլ միշտ գոհ են եղել, տաք ջուրը տեղը, բաղնիքը մաքուր, սպիտակեղենը լավ լվացած... Պարզվում ա ղեկավարությունը մեր Սանոյին ասում է, որ հակատանկային հաշվարկի հրամանատարի հաստիք կա չհամալրված, ոտեղ աշխատավարձը էականորեն ավելի բարձր է: Համոզում են, Սանոն էլ գրանցվում է: Հիմա էդ էր բանակի վիճակը: Ոչ մեկ չէր ուզում գնար սահման, ոռ տար, տեղացի արցախցի տղերքին էին ճարում, համոզում, անկախ իրենց ունակություններից:

Ու պատերազմի ողջ ընթացքում, ամեն գիշեր վայելելով Սանոյի խռռոցը, հրամանատարական դիտակետում մտածում էի՝ լավ, մի հատ գոնե Ֆագոտչիկ ծառայած տղա չկա սաղ Հայաստանում, ուղարկեն ստեղ, որ նորմալ կրակել իմանա:

Պատերազմն ավարտվում է: Գալիս ենք Երևան: Մի «պայծառ» օր տեսնում եմ, թե ինչպես է գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը հարցազրույցում պնդում, որ պատերազմի 3-րդ օրը դադարեցվել է զորահավաքն ու լրահամալրումը: Մոտս բնականաբար հարց է առաջանում՝ ո՞նց կարա տենց բան լինի: Չէ, ես չեմ բացառում, որ ասենք Փաշինյանը տենց հրաման տված լինի: Ես չեմ հասկանում` ո՞նց էր հնարավոր էդ հրամանը կատարել: Եթե Փաշինյանն է հրամանը տվել, ուրեմն տվել է գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին, Գասպարյանն էլ մի քանի շերտ ներքև պիտի իջեցներ հրամանը, որ դա ի կատար ածեին: Միթե բանակի ողջ կառուցվածքի մեջ չգտնվեց մեկը, որ ասի` այ սրիկաներ, Արթուրենց Աղդամում գետնի մեջ կտրորեն, եթե մի քանի նորմալ ֆագոտչիկ չուղարկենք, էս ի՞նչ եք անում... Մեկ այլ տեղ Իգլիստ էր պետք, ուրիշ տեղ` Կորդիստ:

Փաստն այն է, որ չուղարկեցին ոչ մեզ մոտ, ոչ այլ տեղեր, մինչդեռ Երևանում հարյուրավոր ֆագոտչիկներ գնացել էին զինկոմիսարիատ, ցանկություն էին հայտնել մեկնել ճակատ ու ղրգվել էին տուն... սպասելու: Ու տենց, տանը նստած, 44 օր սպասեցին զանգի:

Համաձայնեք տարօրինակ վիճակ է: Ու սա նմանատիպ տարօրինակ դրվագներից ընդամենը մեկն է: Իսկ ամենատարօրինակն այս ամենում այն է, որ պատերազմից մեկ տարի անց այս տարօրինակ իրադարձություններից գեթ մեկը բացատրություն չստացավ: Ցույցեր, երթեր, բանակը լքած գեներալներ, ինչ ասես եղավ, բայց մի հոդաբաշխ պատասխան չեղավ: Ո՞նց ա էլի տենց լինում... Ախր սա, ստեղ են ասում էլի, մի ուչաստկովու գործ է:

Փաշինյանին հարցնում ես՝ զորահավաքը դադարեցնելու հրահանգ տվե՞լ ես, թե` ոչ: Եթե ասում է` ոչ, գնում Օնիկին ես հարցնում: Վերջ: Թնջուկը լուծված է:

Արի ու տես, որ հայրենիքի փրկության անվան տակ նախընտրական պայքարին միլիոնավոր դոլարներ ծախսած մարդկանց մտքով այս պարզ կոմբինացիան չի անցել: Օնիկ Գասպարյանին Քոչարյանի համար բուկլետ բաժանելու գործին դնելու միտք անցել է, իսկ պատերազմի 3րդ օրը զորահավաքը դադարեցնելու մեղավորին բացահայտելը չի անցել:

Ինձանից հուսով եմ չեք նեղանա, եթե ենթադրեմ, որ սա հանցավոր համաձայնության վառ ցուցիչ է: Եթե գործում կա երկու կասկածյալ ու երկուսն էլ լռում են, ուրեմն երկուսն էլ մեղավոր են ու լռում են, որ մեկը մյուսին չծախի: Նման հրաման կարող էր տար կամ Փաշինյանը, կամ Գասպարյանը, կամ էլ երկուսով: Փաշինյանը սրա մասին լռում է, առնվազն քանի որ կոմպրոմատի արտահոսքերից է կախված իր կյանքը, դա է իր հիմնական գործիքը, իսկ ընդդիմությունը լռում է, քանի որ... Այ էս հարցին եկեք հիմա չպատասխանեմ:

Երկու օր առաջ Ադեկվադ ՀԿ-ով հարց էինք ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմին: Հարց, որը բնականաբար չէր հնչեցվելու: Հարցը իհարկե վերաբերվում էր զորահավաքին: Սրա պատասխանը չի տրվում, որտև էդ հարցը մեր քֆելու նման բան է: Էական չի` քրֆվողի մերն ով է, էդ քֆուրը չի կարա ճիշտ կամ սխալ լինի, այն գնահատական է: Զորահավաքը դադարեցնելու մասին հարց հնչեցնելն էլ մեր քրֆելու պես բան է, հենց որ այն հնչեց, գործող անձինք քֆուրի տակ են մնում: Հետևաբար ամեն ինչ արվելու է, որ այս և այլ հարցեր չհնչեն:

Ես բնականաբար ամեն ինչ անելու եմ, որ հնչեն: Ու էն ընդդիմադիրները, որ կխուսափեն այս հարցերը հնչեցնելուց, թող ջանները յուղեն:

Հ.Գ. վրես եկող ուղղաթիռը խփող տղերքին իդենտիֆիկացրել եմ, բայց Մարտունի 3-ի հակատանկիստներին տենց էլ չգտա: Եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ: Լիքը մարդու կյանք են փրկել իրենք:

Արթուր Դանիելյան