ԱՄՆ ԶՈւ-ն նոր թափ է հավաքում Եվրոպայի լարված անկյունում. Նոր համաձայնագիր Հունաստանի հետ

Հունաստանում ամերիկյան զորքերի աճող ներկայությունը անհանգստացրել է Ռուսաստանին
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հոկտեմբերին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նորացրել ու խորացրել են երկու երկրների փոխադարձ պաշտպանության եւ համագործակցության մասին համաձայնագիրը (MDCA), գրել է BI-ն։

«MDCA -ն մեր պաշտպանական համագործակցության ողնաշարն է», - ասել է Բլինքենը՝ նկատի ունենալով այն, ինչը, ըստ էության, պաշտպանության ոլորտում երկկողմ համաձայնագիր է: Սա արվում է երկու երկրների համար ճիշտ ժամանակին՝ տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում։

ա

Նորացումն «ընդգծում է ընդհանրապես Արեւելյան Միջերկրական ծովի եւ Բալկանների ու հատկապես Հունաստանի աշխարհառազմավարական նշանակությունը: «Տերությունների նորացված մրցակցության» համատեքստում այս տարածաշրջանները դառնում են ավելի ու ավելի կարեւոր», - ասել է Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի գիտաշխատող Էնդրյու Նովոն, հաղորդել է Insider-ը: «Հունաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Բալկաններում, Արեւելյան Միջերկրական ծովում կայունության ապահովման գործում եւ նույնիսկ նայել դեպի հյուսիս՝ դեպի սեւծովյան տարածաշրջանի երկրներ», - ասել է Նովոն։

MDCA-ի համաձայն՝ Հունաստանում ամերիկյան եւ հունական զորքերի վարժանքները կավելանան քանակով եւ տեւողությամբ՝ նպաստելով Եվրոպայի լարված անկյունում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների փոխգործակցությանը:

Նորացված համաձայնագրի շրջանակներում առաջին վարժանքներից մեկը «Օլիմպիական համագործակցություն 21»-ն էր, որում ԱՄՆ-ի բանակն ու ռազմածովային նավատորմը աշխատում էին հույն գործընկերների հետ միասին:

Համաձայնագիրը «նախատեսում է նաեւ Հունաստանում ԱՄՆ ներկայության ավելացում, ինչպես նաեւ առկա հզորությունների ընդլայնում եւ բարելավում», - ասել է Նովոն։

Այդ օբյեկտների թվում հարկ է նշել նրանք, որոնք գտնվում են Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքում՝ Էգեյան ծովի հյուսիսային հատվածում: Ալեքսանդրուպոլիսը գտնվում է Բուլղարիայի եւ Թուրքիայի հետ Հունաստանի սահմանի մոտ եւ ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհով կապված է Սեւ ծովի նավահանգիստների հետ։ Քաղաքը գնալով ավելի կարեւոր է դառնում նաեւ տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համար:

ա

Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի եւ օբյեկտների զարգացումը ԱՄՆ-ին թույլ կտա արագորեն զորքեր տեղափոխել Սեւ ծովի հարավարեւմտյան եւ արեւմտյան ափեր։ Սա կնշանակի տարածաշրջանի դաշնակիցներին տրամադրվող օգնության աճ եւ կբարձրացնի ՆԱՏՕ-ի՝ «Սեւ ծովում եւ Բալկաններում Ռուսաստանին զսպելու» ունակությունը:

Ռազմավարական դիրքով նավահանգիստը նաեւ կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ բանակի գլխավորած Defender Europe 2021 բազմազգ զորավարժություններում, որոնք տեղի են ունեցել մարտ եւ հուլիս ամիսներին՝ Atlantic Resolve գործողության շրջանակներում:

«Ալեքսանդրուպոլիսն «առաջատար դեղ է խաղում եվրոպական էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման՝ մեր երկրների ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին», - մայիսին քաղաք կատարած բազմաթիվ այցերից մեկի ժամանակ ասել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատը:

Հունաստանում ամերիկյան զորքերի աճող ներկայությունը անհանգստացրել է Ռուսաստանին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս բարձրացրել է այս հարցը իր հույն գործընկերոջ մոտ։ Դենդիասը պատասխանել է, որ ամերիկյան ներկայությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Դժվար թե դա հանգստացնի Ռուսաստանին, սակայն Մոսկվան  միակ երկիրը չէ, որին MDCA-ն անհանգստացնում է:

Էգեյան ծովի մյուս ափին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Ալեքսանդրուպոլիսում ամերիկյան զորքերի տեղակայման կապակցությամբ՝ ասելով, որ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ «այնտեղ ԱՄՆ-ի կողմից բազայի ստեղծումն անհանգստացնում է իրենց եւ իրենց ժողովրդին»:

Հունաստանն ու Թուրքիան անվանապես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, սակայն շատ են պայքարել միմյանց դեմ։ 2020 թվականի օգոստոսին հրաշքով կանխվեց եւս մեկ հակամարտություն։

Աթենքը եւ Անկարան բավականին հակասական հարաբերություններ ունեն մի շարք խնդիրների պատճառով, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի, ինչպես նաեւ ծովային գոտիների սահմանազատման եւ միգրանտների հարցերով վեճերի պատճառով:

Թուրքիան նաեւ ավելի թշնամական է տրամադրված ՆԱՏՕ-ի մյուս անդամների, հատկապես Ֆրանսիայի նկատմամբ, որը վերջերս պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրել Հունաստանի հետ:

Թուրքիայի վեճերը իր հարեւանների եւ դաշինքի հետ առաջանում են Ռուսաստանի հետ մերձենալուն զուգահեռ՝ անհանգստություն առաջացնելով ՆԱՏՕ-ի մայրաքաղաքներում, հատկապես Վաշինգտոնում:

«Թեեւ MDCA-ն ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի դեմ, այն Թուրքիայի հետ վեճերում որոշակի մխիթարանք է Հունաստանի համար», - ասել է Նովոն:

Արեւելյան Միջերկրական ծովի երկրների միջեւ համագործակցությունն ու վեճերը ակտիվացել են այնտեղ բնական գազի մեծ պաշարների հայտնաբերումից հետո։

Անցյալ տարի Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը համաձայնության հասան EastMed խողովակաշարի կառուցման շուրջ, որով գազը Իսրայելից եւ Կիպրոսից կտեղափոխի Հունաստան եւ մնացած Եվրոպա: Նախագծին աջակցում է ԱՄՆ-ը, որն այն դիտարկում է որպես ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու միջոց:

Երեք երկրները հաճախակի են Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վարժանքներ անցկացնում: Այս վեց երկրներն էլ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, որը կոալիցիան համարում է անտագոնիստական:

Նորացված MDCA-ն ուժի մեջ կմնա հինգ տարի եւ կգործի այնքան ժամանակ, քանի դեռ երկրներից մեկը այն դադարեցնելու որոշում չի կայացրել: Ապագայում այն ​​կարող է ընդլայնվել։

«Բազաների համար պոտենցիալ նոր հարթակների ավելացումը բանակցությունների մի մասն էր եւ Հունաստանն ու Միացյալ Նահանգները կրկին իրենց ուշադրությունը կդարձնեն դրան», - ասել է Նովոն:

Համաձայնագիրը վկայում է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորության է տալիս Հունաստանի ռազմավարական դիրքին եւ Հունաստանի հետ հարաբերություններին։