Միլիմետրի ճշտությամբ գիտենք դե յուրե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մենք  այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք դե յուրե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների ավարտից հետո արդյոք այն դրվելու է հանրաքվեի, վարչապետը պատասխանեց, որ վերջնական փաստաթուղթը՝ պայմանագիրը, որը կստորագրվի, պետք է վավերացվի խորհրդարանների կողմից:

Հարցին, թե եթե Հայաստանը գնում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, արդյոք դա չի նշանակի հրաժարում Արցախից եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ Արցախի տարածքը, Փաշինյանը պատասխանեց. «Երբ 1991-ին անկախացել են մեր երկրները, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այն ժամանակ  դա նշանակե՞լ է, որ Արցախի իրավունքներից Հայաստանը հրաժարվում է: Դեմարկացիան եւ դելիմիտացիան պրոցես է եւ Հայաստանը պետք է իր շահերը այդտեղ պաշտպանի: Ընդհանրապես ՀՀ ասելով մենք պետք է հասկանանք ինչ-որ մի ամորֆ բան, որը սահման չունի, պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք: Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու անկյունաքարային երաշխիքը:

Շատ է քննարկվում, որ Գորիս-Կապան ճանապարհն ամբողջությամբ չգիտեմ որ թվի քարտեզով Հայաստանի տարածքում է: Պետք է ասեմ, որ որեւէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով այդ ճանապարհի մի փոքր հատված Հայաստանի տարածքում չէ: Մենք այդ հայտարարությամբ հիմնավորում ենք, որ Ադրբեջանն ագրեսոր է: Այն մարդիկ, որոնք ասում են՝ այնքան էլ պարզ չի, թե որտեղով է անցնում սահմանը, նրանք ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին: Շատ լավ հայտնի է, թե որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանը: Մենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք այդ սահմաններում: Այդ սահմանը հատելու բերումով է, որ Ադրբեջանին համարում ենք ագրեսոր»,-ասաց նա: