Իրանի շահերից չի բխում, որ Հայաստանում թուրքադրբեջանական դաշինքը անգամ 1 սմ առաջանա

Վարդան Ոսկանյան․ Մանրամասներ

1

Իրանի նման բարեկամ պետություններից ակնկալվող արձագանքների համար մենք նախ պետք հասկանանք՝ արդյո՞ք ՀՀ-ից շատ հստակ, փաստարկված և վճռական կերպով, պաշտոնական մակարդակով հնչել է արձանագրում այն մասին, որ ՀՀ որոշ տարածքներ այս պահի դրությամբ գտնվում են Բաքվի բռնապետի բռնազավթման տակ, ներկայացրե՞լ ենք՝ ինչ տարածքների մասին է խոսքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային իրավիճակին ու հարևան պետությունից ակնկալվող աջակցությանը։

«Ակնհայտ է, որ Իրանի շահերից չի բխում, որ թուրքադրբեջանական դաշինքը նույնիսկ մեկ սանտիմետր առաջանա ՀՀ-ի հատկապես Սյունիքի մարզում, բայց եթե մենք չենք արձանագրում փաստը, որ Սյունիքում տեղի է ունեցել մեր ինքնիշխան տարածքի որոշ հատվածների բռնազավթում, և այս ուղղությամբ չենք ակնկալում իրանական աջակցություն, ապա անիմաստ է սպասել, որ ինչ-որ մեկը կգտնվի «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»: Երբ իշխանությունը ներքաղաքական խնդիրները լուծելու համար փորձում է չներկայացնել իրական պատկերը կամ ներկայացնել կիսատ-պռատ, ապա մեր միջազգային գործընկերներն էլ չեն հասկանում՝ ինչպիսի արձագանքներ պետք է տան»,-ասաց իրանագետը։

Ըստ Ոսկանյանի՝ միջազգային ասպարեզում մենք ունենք բարեկամներ, բայց նրանք շատ դեպքերում սպասում են ՀՀ-ի հստակ մոտեցումներին, որ կարողանան իրենց ունեցած գործիքակազմերով ճնշումներ գործադրել Բաքվի բռնապետի վրա, սակայն երբ Հայաստանից հնչում են հայտարարություններ, թե Խորհրդային Հայաստանի ինչ-որ տարածք ադրբեջանական է, հարց է առաջանում՝ արդյո՞ք միջազգային հանրությունը կարող է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա:

«Ի վերջո, Բաքվի բռնապետը հայտարարել է, որ Հայաստանն ընդունում է, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական են, հետևաբար մնացյալ բոլոր «խաղացողները» պետք է լռեն այդ մասին»,-ասաց փորձագետը՝ նշելով, թե տեղի է ունենում մի գործընթաց, երբ թշնամին մեզ կանգնեցնում է փաստի առջև, հետո սկսում ենք որոնումների մեջ ընկնել:

«Պետք է պատրաստվել ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը: Դրա համար կան մի շարք հարթակներ, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին, հաջորդիվ՝ ՀԱՊԿ-ին։ Այժմ Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի ծավալապաշտական նկրտումների հետևանքով ստեղծվել է նաև Իրանի հետ հարաբերությունների խորացման հնարավորություն՝ հատկապես անվտանգության ոլորտում՝ հայ-իրանական հակաահաբեկչական գործողությունների համար հնարավոր սցենարների մշակում ու այդ ուղղությամբ մեխանիզմների ստեղծմանը միտված քայլեր»,-ասաց իրանագետը։

Վերջինիս խոսքով՝ դրանով հնարավորությունները չեն սահմանափակվում․ մեր տարածաշրջանով հետաքրքրված է Հնդկաստանը՝ հաշվի առնելով պակիստանյան ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում և այժմ էլ Հայաստանի դեմ ծրագրվող գործողություններում։ Ուստի, ըստ Ոսկանյանի, ՀՀ-ն կարող է աշխատել նաև Հնդկաստանի հետ՝ ապահովելու անվտանգային կարիքների որոշակի բաղադրիչները:

Մյուս կողմից, Ոսկանյանի դիտարկմամբ, Թուրքիան Մերձավոր Արևելքում չունի մեծ թվով բարեկամներ, ուստի այդ ուղղությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

«Թուրքադրբեջանական  դաշինքը չի դադարելու հակահայկական գործողություններ իրականացնել, ագրեսիվ քայլեր կատարել, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնել, Արցախի հայ բնակչության բնաջնջելու քաղաքականությունն առաջ մղել, որովհետև դա, ըստ էության, նրանց պետականության կերտման ծրագրի բաղադրիչներից մեկն է, որն ընդհանրապես չեն թաքցնում: Ներկա պայմաններում ՀՀ-ն պետք է աշխատի հինական մեկ ուղղությամբ՝ ամրապնդել ՀՀ անվտանգությունը, աշխատել թշնամական կողմի հնարավոր թուլացման բոլոր գործիքակազմերը ձեռքի տակ ունենալ և օգտագործել, հետանկախության շրջանում ՀՀ համար ամենաթույլ և խոցելի այս իրավիճակում չգնալ որևէ պայմանավորվածության, որը կարձանագրի մեր պետության նման վիճակը»,-ասաց նա։

Անդրադառնալով «խաղաղության դարաշրջան» բացելու մասին խոստումներին՝ իրանագետն ընդգծեց, որ իրականում մեր տարածաշրջանում որևէ խաղաղության դարաշրջան չի բացվել, և պատմությունը վկայում է, որ այստեղ խաղաղության դարաշրջանները և կայունության ժամանակահատվածները շատ կարճ են տևել:  Ըստ Ոսկանյանի՝ դա հասկանում է նաև թշնամին՝ Բաքվի բռնապետն ու նրան ամեն կերպ աջակցող, հովանավորող և ուղղորդող էրդողանական վարչախումբը, և եթե դիտարկենք նրանց գործողությունները, դրանք միշտ միտված են եղել հաջորդ ռազմական բախմանը պատրաստվելուն:

«Դա են վկայում թե՛ անցկացված զորավարժությունների աննախադեպ քանակները, թե՛, նաև, ՀՀ-ի տարածքի նկատմամբ ագրեսիվ գործողությունները, թե՛ մեր հանրապետության որոշ հատվածների բռնազավթումը, ուստի միամտություն է կարծել, որ մեր տարածաշրջանում առնվազն թշնամին պատրաստվում է խաղաղության: Նրանք պատրաստվում են Հայաստանին ծնկի բերելուն և իրենց գրեթե 100-ամյա երազանքին՝ «թուրանական միջանցքի» ստեղծմանը հասնելուն, որը Թուրքիան Նախիջևանի Հանրապետության և ադրբեջանական արհեստածին կազմավորման միջոցով կկապի Կենտրոնական Ասիային»,-ասաց Ոսկանյանը՝ նշելով, թե նրանք այդ ծրագրի իրականացման ուղղությամբ որևէ ջանք չեն խնայում:

«Մեր առաջին քայլը պետք է լինի մեր հասարակությանն այս պատկերը ներկայացնելը, որ վերջ տրվի պատրանքներին, և մենք էլ, հասկանալով ստեղծված իրավիճակը, պատրաստվենք համարժեք եղանակներով արձագանքելու թշնամական բոլոր ոտնձգություններին՝ ոչ միայն Հայաստանի ներսում ստեղծելով այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը պատրաստ կլինի արձագանքել բոլոր մարտահրավերներին, այլև վերականգնելու մեր անվտանգության բոլոր համակարգերը»,-ասաց Վարդան Ոսկանյանը։