Բժիշկները մտածում են ինչպես կերակրել Սահակաշվիլիին. նա դադարեցրել է հացադուլը

Մանրամասներ

ա

Վրաստանի առողջապահության նախարարությանը կից ստեղծված բժիշկների խորհուրդը մշակում է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հացադուլից հանելու կարգը, որը կիրականացվի Գորիի հիվանդանոցում, հայտարարել է նրա բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»։

Սահակաշվիլին շաբաթ գիշերը բանտի կլինիկայից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց անմիջապես հետո դադարեցրել է 50-օրյա հացադուլը։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Մենք պետական խորհրդի նիստ կունենանք, որտեղ տեղի բժիշկների հետ միասին կքննարկենք բուժման ռեժիմը»,- ասել է Կիպշիձեն։

Նա նշել է, որ բուժման գործընթացն ինքնին երկար է կլինի, եւ նախկին նախագահի առողջությունը վերականգնելու համար ժամանակ է պետք։

Սահակաշվիլին բուժման ընթացքում կգտնվի Գորիի զինվորական հոսպիտալում։ Դատավարության ավարտից հետո նրան կվերադարձնեն Ռուսթավիի բանտ, որտեղ կշարունակի երկու քրեական գործերով պատժի կրումը՝ 6 տարի ժամկետով ազատազրկման տեսքով։ Ժամկետի հաշվարկը սկսվում է այս տարվա հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալելու պահից։

Չի բացառվում, որ նախկին նախագահի ազատազրկման ժամկետը ավելացվի։ Այս պահին նրա դեմ դատարանում երեք գործ է քննվում, որոնցից մեկի համար առավելագույն պատժաժամկետը 9 տարի է։

Սահակաշվիլին ձերբակալության օրը հացադուլ էր հայտարարել՝ հայտարարելով, որ ինքը քաղբանտարկյալ է, իսկ բոլոր մեղադրանքները շինծու են։