Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է. Եվրոպական խորհրդարան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակի սրմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության վերջերս գրանցված աճին: Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններն՝ ի պատասխան ենթադրյալ սադրանքներին, անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայանգրի կոպտագույն խախտումն են, որ տեղի է ունեցել մինչ օրս՝ հանգեցնելով դեռևս չհաստատված քանակով զոհերի, վիրավորների և զինվորների գերեվարման:

Մենք կոչ ենք անում իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և ողջունում ենք Եվրոպայի խորհրդի նախագահի ներգրավվածությունը և ռուսական կողմի ջանքերով գրանցված հրադադարը: Վերահաստատում ենք, որ յուրաքանչյուր հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է կարգավորվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուրջ բանակցությունների միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Դատապարտում ենք «սահմանախախտման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք:

Մենք աջակցում ենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման կոչին, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Դա ներառում է կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի դրույթներին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մտահոգված ենք Հայաստանի քաղաքները և գյուղերը միմյանց կապող՝ ադրբեջանական տարածքով անցնող ճանապարհներին ստեղծված երթևեկի խոչընդոտներով և կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է համաձայնագրի տրամաբանությանը և բարդացնում է տեղի քաղաքացիների կյանքը:

Մենք ցավում ենք նաև, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանի՝ 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը, բազմաթիվ հայ կալանավորված անձինք, որոնք ձերբակալվել են հակամարտության հետ կապված իրավիճակում, դեռ ազատ չեն արձակվել և կրկին դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին այս հարցով: Նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատման բոլոր քարտեզները, ինչը թույլ կտա քաղաքացիներին վերադառնալ հակամարտության նախկին շրջաններ:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք ԵՄ հանձնառությունն աջակցելու վստահության հաստատմանն ուղղված միջոցներին և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ բարձրաձայնելուն, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և հակամարտության երկարատև կարգավորման շուրջ քննարկումների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: