Սա դավաճանություն է հայ ազգի նկատմամբ․ Երուսաղեմի հայերը պահանջում են պատրիարքի հրաժարականը

Մանրամասներ

ա

Սաղիմահայերը պահանջում են Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրաժարականը։ Բանն այն է, որ պատրիարքը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին հյուրանոց կառուցելու նպատակով: Տեղի միաբանները նույնպես ընդվզում են պատրիարքի որոշման դեմ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված:

Պայմանագիրը ստորագրել են Նուրհան Պատրիարքը, լուսարարապետ Սևան Ղարիբյանը, հայր Պարետ Երեցյանը։

Սաղիմահայերը ուրբաթ օրը նորից ցույց պետք է անեն՝ Հայոց Թաղի ներսում՝ վանքի դիմաց միաբանության անդամներին զորակցելու, ինչպես նաև Նուրհան Պատրիարքին խնդրելու իր ստորագրությունն այս պայմանագրից հանել։

«Այս գործարքը դավաճանություն է ընդդեմ հայ ազգի, և մենք պայքարելու ենք։ Պետք է նշել նաև, որ  Նուրհան պատրիարքը և հայր Պարետ Երեցյանը ամեն ջանք գործադրում են, որ համայնքի անդամներին վախի մեջ դնեն, ինչպես նաև միաբաններին»,-նշեց սաղիմահայերից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պատրիարքը օր առաջ իր ստորագրությունը պետք է հետ վերցնի այս չարաբաստիկ պայմանագրից և իր հրաժարականը տա․քանի դեռ նա Երուսաղեմի հայոց պատրիարքն է, նա Երուսաղեմի հայոց պատրիարքությանը և տեղի հայերին վտանգ է ներկայացնում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց բողոքն են հայտնել, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքի թույլտվություն է տվել 99 տարվա վարձակալությամբ: Հայտարարության մեջ նրանք հակականոնական են համարում «Կովերու պարտէզի» համաձայնագիրը, քանի որ ստորագրվել է առանց տնօրենի և  Միաբանական ժողովի հետ քննարկելու և վավերացնելու:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տարածած հայտարարությանը, նշեց, որ ըստ կանոնադրության պահանջի՝ նման պայմանագրերը պետք է վավերացվեն Միաբանական ժողովի կողմից։

«Հայտարարում են, որ իբրև տնօրենը և Միաբանական ժողովները տեղյակ չեն եղել, դա այդպես չէ, դա պետք է ստորագրվեր Միաբանական ժողով ատենապետի կողմից, նա չի եղել, ստորագրվել է կալվածոց տեսուչի կողմից, ինչը կանոնադրոսւթյամբ նախատեսված չէ»,-ասաց նա։ Հայր Կորյունի խոսքով՝ այս պահին պատրիարք սրբազանի որոշմանն են սպասում։ Նա նաև նշեց, որ պատրիարքությունում տեղեկացել են, որ այդ հայտարարությանը ր միացել են միաբան հայրերը և կոչ արել չեղարկել այդ պայմանագիրը։