Ռոբերտ Քոչարյանի մոտ առկա են կորոնավիրուսի վարակման ախտանշաններ, նիստը հետաձգվեց

Մանրամասներ

ա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կասկածներ կան՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ, առկա են նախանշաններ։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել Ռոբերտ Քոչարյանը։

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ախտանշաններ են ի հայտ եկել նաև Ռոբերտ Քոչարյանի մոտ, այսօր առավոտյան Քոչարյանը թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացվել, պատասխանը կարող է լինել երեկոյան։ Ալումյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին՝ դատավարության մասնակիցներին չվարակելու համար, սակայն եթե դատարանն այդուհանդերձ կգտնի, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ներկայանա դատական նիստին, ապա նա 15 րոպեի ընթացքում կարող է լինել դատարանի դահլիճում։ Մեղադրող Գևորգ Բաղդասարյանն էլ պաշտպանության կողմից խնդրեց տեղեկություն տրամադրել նաև ախտանշանների վերաբերյալ, քանի որ պարզապես կոնտակտային լինելը՝ առանց ախտանշանների, չի կարող պատճառ դառնալ դատական նիստին չներկայանալու համար։

«Եթե այդ ախտանշանները կան, դիրքորոշումն այլ է, եթե չկան՝ որոշակի ախտանշաններ են, ապա գտնում ենք, որ պետք է ներկայանա դատական նիստին և նիստը պետք է շարունակվի»,- նշեց Բաղդասարյանը, ինչից հետո Ալումյանը, ստանալով իր պաշտպանյալի թույլտվությունը, տեղեկացրեց, որ վերջինիս մոտ առկա են գրիպին բնորոշ ախտանշաններ, գիշերը՝ ոչ բարձր ջերմություն, հոդային և մկանային ցավեր։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 13.00-ն։