Հայաստանի դեմ կարելի էր «Բայրաքթար» կիրառել, իրենց դեմ՝ ո՞չ

Մանրամասներ

1

«Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի մատակարարումը։

Նախօրեին, ըստ ուկրաինական զլմ-ների, Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ռուսական հրետանային կետի դեմ կիրառել են «Բայրաքթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը։

Ռուսաստանը Դոնբասի ներկայացուցիչների հետ ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սկզբունքորեն, պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտածել բոլոր նրանց, ովքեր հավանություն են տալիս Ուկրաինայի քմահաճ պահանջներին այն մասին, որ նա վաղը պետք է ընդունվի ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել մտածել նրանց, ովքեր զինում են Կիևի ռեժիմը, որը վերահսկվում է նեոնացիստների կողմից», ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Կիևին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ «Մենք անօդաչու սարքեր ենք վաճառում նրանց, ովքեր մեզ դիմում են.. Այս գործարքը [Ուկրաինայի հետ] Ռուսաստանի դեմ չէ», վստահեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Ռուսաստանը նույն բանը ասում էր Հայաստանին, երբ Երևանից բողոքներ էին հնչում, թե ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ժամանակակից հարձակողական զենք վաճառել Հայաստանի հակառակորդին։ Սա ուղղակի բիզնես է, ասում էին Մոսկվայում։ Մոսկվան նաեւ չի խոսել այն մասին, որ Հայաստանի դեմ «Բայրաղթար» է կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանի դեմ կարելի էր, իրենց դեմ՝ ո՞չ։

Սկզբնաղբյուր