Ամենակարևոր հարցը այսօր. ԱԺ-ում բուռն քննարկում են՝ Ամանորը քանի օր պետք է նշվի

Իրավիճակ

ա

ԱԺ նիստում Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին նախագիծը բուռն քննարկվեց։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ տեղին է ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումը։ Այս մասին հայտնում է Լրագիրը: «Ոչ ոք ոչ մեկից տոն չի ուզում խլի, բայց ախր 7 օր էս ժողովուրդը վարկ են վերցնում, պարտք են անում։ Մրցակցություն է սկսվել, ով ինչ սեղան գցի, պետք է վերջ տալ էս ամեն ինչին, սա տոն չէ»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկեց, որ օրենքը առաջինը գործի պաշտոնյաների համար։ «Որոշակի անցումային շրջան նախատեսենք, նախարարներ, վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, փոխնախարարներ, բոլորի համար թող այս օրենքը մտնի ուժի մեջ անմիջապես։ Բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապություն իսկապես տեղին չէ։ Մենք առաջարկելու ենք, որ հունվարի 2-ը ևս լինի ոչ աշխատանքային և ամսի 7-ը ևս լինի ոչ աշխատանքային»,- նշեց նա։

Իշխող խմբակցության պատգամավորները Վարդևանյանին մեղադրեցին պոպուլիզմի մեջ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ երբ Ամանորի տոները երկար են լինում, Հայաստանից գումարների արտահոսք է լինում, իսկ երբ տոնական օրերը կարճ են լինում, այդ գումարներն ուղղվում են Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Ջերմուկի հյուրանոցային օբյեկտներին։ Շահող է դուրս գալիս ամբողջ ներքին հյուրանոցային բիզնեսը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց․ «Էդ հանգիստը նշանակում ա պարտքեր, պարտքով նշել Նոր տարի, գնալ իրար տուն, էն բոլոր կատակներն ու ձեռառնոցին, որ ասում են՝ էլի Նոր տարին եկավ, էլի նույն պատմությունը սկսվեց։ Վերջացրեք էժան պոպուլիզմը՝ տոնը գողանալ-չգողանալու մասին»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց․ «Ասում եք՝ ժողովուրդը պատք չի վերցնի։ Ձեր խնդիրն է պայքարել, որպեսզի ժողովուրդը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե ասեք՝ տոները կրճատում ենք, որ պարտք չվերցնեն»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշեց․ «Այն քննարկումը, որը մենք այսօր արեցինք այստեղ այս օրենքի հետ կապված, կրթված մարդիկ, որոնք տնտեսագիտությունից հասկանում են, քաղաքակիրթ ընկալումներ ունեն, արտաքին աշխարհն ու բիզնեսն են պատկերացնում, մեր մասին շատ վատ կարծիքի են լինելու։ Էս ի՞նչ Ազգային ժողով է, եթե էս կարգի քննարկում է գնում։ Մենք ո՞ւր ենք ուզում գնալ, ո՞նց ենք ուզում զարգանալ»։

«Ամանորի 7 օրն իրականում հանգցնում է մեր տնտեսությունը, և այդ 7 օրից հետո մենք նորից ստիպված դանդաղ ռեսթարթ ենք անում։ Դրա համար մեր հունվար ամսվա ՀՆԱ-ն 20 տոկոսով ավելի քիչ է, քան դեկտեմբերի ՀՆԱ-ն»,- եզրափակեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։