Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, տավուշյան անկլավներն ու Տիգրանաշենը

Գրիգորի Այվազյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում ադրբեջանական սոցիալական մեդիաներում հայատյացության նոր ալիք է բարձրացել, այնպես որ՝ եթե անգամ նոր պայմանագիր կնքվի, դա բոլորովին չի խոսում այն մասին, որ կխուսափենք նոր պատերազմից:

«Ու եթե ադրբեջանական ձևով ներկայացված լինի այն փաստաթուղթը, որի մասին խոսում են, ապա Հայաստանի համար դա կատաստրոֆա կլինի: Ի դեպ, Հայաստանում ոգևորված շրջանառության մեջ են դնում 1920-ական թթ. քարտեզը, բայց ուշադրություն չեն դարձնում, որ ոչ միայն ձեռքբերումներ կունենանք, այլև կորուստներ՝ Նախիջևանի, Վայոց ձորի, Զանգեզուրի ուղղությամբ տարածքային կորուստներ կարող են լինել: Բայց այդ քարտեզը հաշվի չի առնվելու, որովհետև Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այդ թվում՝ նաև սահմաններից, ուրեմն ստացվում է, որ Նախիջևանն ու Արցախն Ադրբեջանի կազմում էին միայն խորհրդային ժամանակահատվածում, որից ինքը հրաժարվեց»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Գրիգորի Այվազյանը նկատեց.

«Վերջերս այցելելով իրենց կողմից օկուպացված տարածքներ՝ Ալիևն ասում էր, որ փաստացիորեն, ըստ իրենց վերջին տեղեկությունների՝ իրենց ուզած ձևով է լուծվելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ուղղակիորեն ասաց, որ ինչ-որ բան է նախատեսվում: Հիշենք, որ ՌԴ նախագահն էլ առաջարկել է իրենց մոտ եղած քարտեզները, բայց պետք է հասկանանք, որ խոսքը ոչ թե 1920-ական թվականների քարտեզների, այլ ԽՍՀՄ վերջին ԳՇ քարտեզների մասին է, որոնք հասանելի են, ու ամեն մարդ կարող է փնտրել ու տեսնել:

Ըստ տարբեր ազդանշանների՝ խոսակցություն կա, որ որոշ չափով հարցը պետք է լուծում ստանա, սակայն, երբ հետևում ես ադրբեջանական վերլուծություններին, Միլի մեջլիսի պատգամավորների արտահայտություններին՝ չեն թաքցնում, որ պատկերացնում են այդ խաղաղության պայմանագրի կնքումն ըստ իրենց նախօրոք հնչեցրած պահանջների, որն է՝ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» բացումը, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը:

Այսինքն, Հայաստանից իրենք պահանջում են նաև տավուշյան անկլավները, Տիգրանաշենը և Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը: Սակայն բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի պահանջած ձևով չի կարելի կնքել ոչ մի պայմանագիր: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագիր, ու նախքան խաղաղության պայմանագիրը որոշ չափով պետք է կողմնորոշվենք առնվազն Արցախի հարցում»: 168․am