2022 թվականին պարտքի մարման ու սպասարկման համար կպահանջվի 517 մլրդ դրամ․ ֆինանսների նախարար

Մանրամասներ

ա

2022 թվականին պետական բյուջեի զուտ ֆինանսավորումը կկազմի 349 մլրդ դրամ, որից 250 մլրդ դրամը կֆինանսավորվի գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Եվ մոտ 100 մլրդ դրամը կֆինանսավորվի արտաքին ֆինանսավորման աղբյուրների հաշվին։

Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին պարտքի մարման ու սպասարկման համար կպահանջվի 517 մլրդ դրամ, որից 303 մլրդ-ը պարտքի մարումներին ուղղված գումարները կլինեն, իսկ 214 մլրդ դրամը՝ պատքի սպասարկման տոկոսավճարները կկազմեն։ «Պետք է ուշադրություն դարձնել, որ պարտքի սպասարկման հետ կապված ծախսերը 2022 թվականի ընդհանուր բյուջետային ծախսերի նկատմամբ կկազմեն 9,8 տոկոս և ՀՆԱ-ի համեմատ 2,7 տոկոս։ Ընդունված է համարել, որ այն տիպի տնտեսություններում, ինչպիսին ՀՀ-ն ունի, եթե այս ծախսերը գտնվում են ընդհանուր ծախսերի նկատմամբ մինչև 12 տոկոս սահմանաչափի միջակայքի և մինչև 3-3,2 տոկոս են ՀՆԱ-ի նկատմամբ, ապա համարվում է, որ գտնվում ենք խելամիտ կառավարելիության սահմանում։ Եվ պարտքի սպասարկման միջին կշռված տոկոսադրույքը 2022 թվականին կկազմի մոտ 5 տոկոս։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք գնալով ավելացնում ենք ներքին պարտքի տեսակարար կշիռն ընդհանուր պարտքի կառուցվածքում։ Մեր հիմնական խնդիրներից մեկը հենց այն է, որ կառավարության պարտքի զգալի մասը արտարժութային է։ Այսինքն՝ մեր թե պարտքի, թե պարտքի սպասարկման հարցը շատ զգայուն է փոխարժքի փոփոխության հարցերից։ Եվ դա պահաջում է, որ մենք միջնաժամկետ հատվածում ձգտենք տեսակարար կշռով ավելացնել ներքին պարտքը և ավելի քիչ կախված լինել այն արտարժութային տատանումներից, որոնք կարող են առաջանալ դրամի և արտարժույթների փոխարժեքների փոփոխությունից»,- նշեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքի մեծությունը կհասնի 4 տրիլիոն 740 մլրդ դրամի։ ՀՆԱ-պարտք ցուցանիշը կկազմի 60,2 տոկոս։ «Դա արդեն շատ մոտ է նրան, ինչից մենք պետք է չգերազանցող պարտք ունենանք հաջորդ հինգ տարիների համար։ 2022 թվականի ավարտին արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պարտքի 60 տոկոսը։ Քանի որ մենք որպես քաղաքականություն ձգտում ենք ներքին պարտքի ավելացման հաշվին կառուցվածք փոխել, հաջորդ տարվա վերջին կունենանք պարտքի կառուցվածքում մոտ 31 տոկոս ներքին՝ դրամով ներգրավված պարտքի մասնաբաժին։ Մենք ունենք ռազմավարություն, որով սահմանել ենք ցուցանիշներ՝ պարտքի կառավարելի միջակայք ունենալու համար։ Մասնավորապես, պահանջներից մեկն այն է, որ պարտքի միջին ժամկետը պետք է կազմի 8-11 տարի։ Մեզ մոտ 2020 թվականին եղել է 8,8 տարի, 2022 թվականին կանխատեսվում է, որ կլինի մոտավորապես 8 տարի»,- հավելեց նա։