Հնարավոր է դիպուկահարների ակտիվացմամբ դիվերսիոն ներթափանցումներ տեղի ունենան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 40 զորավարժություն է իրականացրել տարբեր ստորաբաժանումների և զորատեսակների մասնակցությամբ, որի միջոցով մի քանի խնդիր է լուծում:

Առաջին՝ վերականգնում է 44-օրյա պատերազմից հետո իր ստորաբաժանումների մարտունակությունը, քանի որ դրանք նույնպես մեծ կորուստներ են կրել՝ թե՛ մարդկային ուժի, թե՛ զինտեխնիկայի, ուստի փորձում են զորավարժությունների միջոցով վերականգնել կորսվածը։

Երկրորդ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրենց տիրապետության տակ անցած տարածքների տեղանքին են ծանոթացնում բանակի ստորաբաժանումներին:

Հատկանշական է, որ հատուկ նշանակության տարբեր ստորաբաժանումների ներգրավումն այդ տարածքներում բավականին մեծ ռիսկեր են առաջացնում, քանի որ շատ մեծ հավանականությամբ լեռնային տեղանքին մանրակրկիտ ծանոթացման փուլին հաջորդելու է արդեն սադրիչ գործողությունների փուլը: Եվ հնարավոր է՝ տեղի ունենան դիվերսիոն ներթափանցումների տարբեր փորձեր՝ դիպուկահարների ակտիվացմամբ և այլն։

Երրորդ՝ Թուրք-ադրբեջանական տանդեմը, Ադրբեջանը նաև քաղաքական խնդիր են փորձում լուծել Քաշաթաղի (Լաչին) շրջանում կամ Լաչինի միջանցքին մոտ հատվածում կազմակերպվող զորախաղերի միջոցով՝ ցանկանալով ցույց տալ Ռուսաստանին, որ այդ հատվածում իրենք են թելադրողի դիրքերում հանդես եկողը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից արդեն բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը, և Հայաստանը, այսպես ասած, անվտանգային մասով «ձեռքերը լվացել» է Արցախից, ուստի այդ համատեքստում ադրբեջանական կողմը Հայաստանին, մեծ հաշվով, ցույց տալու բան չունի։

Մնում է հուսալ, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին և իրավիճակից բխող համապատասխան գործողություններ է իրականացնում։

Վիտալի Մանգասարյան

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում