Իշխանությունը չպետք է աշխատանքից ազատելու սպառնալիքով քաղաքացուն պարտադրի պատվաստվել

Մանրամասներ

1

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել նախարարի 65Ն հրամանը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:

Ակցիա մասնակիցները մեկը, ներկայացնելով իրենց պահանջը, մանրամասնեց. «Մենք ո՛չ դեմ ենք պատվաստմանը, ո՛չ էլ կողմ: Մեր պահանջը մեկն է՝ այն քաղաքացիներին, որոնք դեմ են պարտադիր պատվաստմանը, իշխանությունը չպետք է աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրի պատվաստվել: Չպետք է ժողովրդի նկատմամբ պարտադրանք կամ վարչական լծակներ կիրառվեն»

Նա նշեց, որ թեև առողջապահության նախարարը վարչապետի մոտ դժգոհում է, թե մի խումբ անձինք խանգարում են պատվաստմանը, բայց միակ խանգարողը նախարարության սխալ մոտեցումներն են:

«Համավարակի տարածման համար միակ մեղավորությունը Առողջապահության նախարարությանն է: Չեն ձեռնարկել որևէ առաջնային կանխարգելիչ միջոց, պատվաստվելն առաջնային կանխարգելիչ միջոց չէ»,-ասաց քաղաքացին՝ հիշեցնելով նաև, որ 1-2 օրվա ընթացքում ՊՇՌ թեստավորման արժեքը կրկնակի-եռակի նվազեց, ինչը հիմք է տալիս մտածելու, որ գերշահույթ հետապնդող կազմակերպություններ են եղել, իսկ նախարարությունն ու համապատասխան վերահսկողություն իրականացնող մարմինները հետևողական չեն եղել:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացուն դժվար է թեստի համար ամսական այդքան գումար վճարելը:

«Մարդիկ ստիպված, չուզելով պատվաստվում են, որ այդքան գումար չվճարեն: Ստացվում է՝ ստիպողաբար պատվաստում են, իսկ պատվաստման նկատմամբ վստահություն չկա»,-նշեց նա:

Ըստ ակցիայի մասնակիցների մեկի էլ՝ տպավարություն է, թե առողջապահության նախարարությունը հուզական ֆոնի վրա իրականացնում է կեղծ մարդասիրական քաղաքականություն, երբ ասում է, թե պետք է պատվաստվեն նաև առողջ քաղաքացիները:

Այժմ ակցիայի մասնակիցների ներկայացուցիչը նախարարությունում հանդիպման է: