Ադրբեջանը կրկին գործի է դրել ուժի բաղադրիչը, նպատակը՝ Սյունիքով միջանցք բացելն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«168 Ժամ»-ի հետ զրույցում Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բացատրվում է շատ պարզ՝ Ադրբեջանի նկատմամբ Պակիստանի հետաքրքրությամբ: Ըստ նրա, հայտնի առճակատման գիծը Հնդկաստանի և Պակիստանի միջև զգացնել է տալիս, և գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «ով ընկերություն է անում» Պակիստանի հետ, «ընկերություն չի անում» Հնդկաստանի հետ՝ և հակառակը: Դա, նրա որակմամբ, բացարձակ բնական բան է:

«Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետաքրքրությանը, ապա այդ շահը ռեգիոնում եղել է ու կա Չաբահարի նավահանգիստը և դրա հեռանկարները մեր մեծ տարածաշրջանում: Այդ նավահանգիստը դեռ ողջ ծանրաբեռնվածությամբ չի գործում, քանի որ կա իրանական երկաթուղային ճանապարհների խնդիր, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն: Ի դեպ, Չաբահարի նավահանգիստը միակ իրանական նավահանգիստն է, որն ամերիկյան պատժամիջոցների տակ չէ, բոլոր մնացյալ նավահանգիստները պատժամիջոցների տակ են: Լոգիստիկայի տեսանկյունից լիովին հնարավոր է, որպեսզի ավտոմոբիլային միջանցք գործի Իրանով, Հայաստանով, հետո Վրաստան, բեռների մի մասը կարող է գնալ Թուրքիա, ապա դեպի Հարավային Եվրոպա, մյուս մասը՝ վրացական նավահանգիստներ, մյուս մասը՝ Հյուսիսային Ռուսաստան»,- ասաց Վասաձեն:

Նրա խոսքով, տարածաշրջանում հետաքրքրական իրավիճակ է, նոր հնարավորություններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել: «Հնդկաստանը հետաքրքիր երկիր է, մեծ ներուժով, Հնդկաստանը դեռ Չինաստանի հետ չի մրցակցում, սակայն հնարավոր է, որ հեռանկարում մոտենա, ուստի բոլորին խորհուրդ կտայի հետաքրքրվել Հնդկաստանով»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանի խոսքով, Վրաստանը Հնդկաստանի մասնակցությամբ լոգիստիկ ծրագրերում լիովին բաց է, քաղաքական հարաբերությունները Վրաստան-Հնդկաստան դեռ փոքր են, Վրաստանում նոր է բացվում Հնդկաստանի դեսպանատուն, մինչ այդ Հայաստանում էր միայն գործում դեսպանատուն:

«Բայց կարծում եմ, հուսամ, որ կսերտանան շփումները: Շփումների քչությունը թույլ չի տալիս հասկանալ ու հստակ ասել, թե ինչ կարող են և ինչ են ցանկանում հնդիկները մեր տարածաշրջանում»,- ասաց Վասաձեն:

Հարցին՝ հնարավո՞ր է համատեղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը «Հյուսիս-Հարավի» հետ, Գելա Վասաձեն ասաց, որ կարելի է համատեղել: «Տրանսպորտային միջանցքները կարելի է համատեղել, ու ռեգիոնի համար կարևոր է բոլոր տրանսպորտային միջանցքների բացումը: Նաև նշեմ, որ միջանցքներից մեկը չպետք է ունենա առավելություն մյուսի նկատմամբ»,- ասաց Վասաձեն:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ինտելեկտուալ շրջանակները, սակայն, հույս ունեն, որ Իրանը, Հնդկաստանը իրենց քաղաքականությամբ և նրանց հետ կապվող գլոբալ լոգիստիկ ծրագրերը կխափանեն թուրք-ադրբեջանական միջանցքային ծրագրերը, քանի որ Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չեն Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել Սյունիքի, Սևանա լճի և Երևանի ադրբեջանական պատկանելության մասին: Եվ ներկայիս փուլում Իրանի նոր վարչակազմին հաջողվել է ճնշել Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանում ակտիվացած հրապարակային ուղերձները՝ ուղղված միջանցք բացելուն: Թեև սրա փոխարեն կարծես Ադրբեջանը վերջին օրերին կրկին գործի է դրել ուժի բաղադրիչը, թիրախավորելով հայկական հենակետերն Արցախում ու Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանցի և որոշ ռուս փորձագետներ նշել են, թե ադրբեջանական կողմը կարող է միջանցք բացել ուժի գործադրմամբ: Եվ ամենավատն այն է, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի, և դեռ հայտնի չէ՝ ինչպիսի ելք կունենա այդ պայքարը ՀՀ-ի համար: