Ինչո՞ւ Էջմիածինը չի վախենում Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու հայտնվելուց

Regnum. Մանրամասներ

1

Մոսկվայում հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի միջև Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ  կայացած հանդիպումից հետո կրոնական իրավիճակն Անդրկովկասում սկսել է փոխվել:

Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության սյունակագիրը՝ նշելով, որ հանդիպումից օրեր անց Ռուս Ուղղափառ եկեղեցու սինոդը հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքում Երևանյան-հայաստանյան թեմի կազմավորման մասին, որի ղեկավար է նշանակվել Մոսկովյան պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահ Լեոնիդ արքեպիսկոպոսը: Վերջինս հայտնել է Հայաստանում Ռուսական ուղղափառ տաճարով եկեղեցական համալիր կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ Մոսկովյան պատրիարքության և Հայ Առաքելական եկեղեցու միջև «հիանալի, հավասարկշռված հարաբերություններ են ձևավորվում»:

Գործակալությունը նշում է, որ այս լուրը քննադատությունների առիթ է տվել Հայաստանում հակառուսական ուժերի շրջանում: Մասնավորապես, մեջբերվում է Lragir.am կայքում տեղ գտած արձագանքը, որի համաձայն՝ «Մոսկվան ընդլայնում է պատերազմի ճակատը՝ արագացնելով ռուսականացման գործընթացը. Ռուսաստանի հատուկ ծառայությունների ստորաբաժանումների միջոցով մարզերում ուսումնասիրվում է ռուսական դպրոցներ բացելու պահանջը, որի նկատմամբ Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրվածություն է դրսևորել»:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից մեկ տարի անց Անդրկովկասում կրկին ամեն ինչ շարժման մեջ է ընկնում: Սակայն, եթե արագ և կտրուկ քաղաքական փոփոխություններին վաղուց արդեն սովորել են, և դրանք չեն զարմացնում, ապա եկեղեցական ասպարեզում տեղի ունեցող տեղաշարժերը կարելի է աննախադեպ անվանել: Եվ միայն Ռուսական եկեղեցին չէ, որ մեծացնում է ներկայությունը տարածաշրջանում: Հոկտեմբերի սկզբին Վատիկան էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ «ուրախ է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Վատիկանի պատվիրակությունը, և ուրախ կլինենք ողջունել Սուրբ Աթոռի առաքելական նունցիատուրայի բացումը Երևանում»»,- նկատում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ֆիզիկական ներկայություն Հայաստան չի եղել 1992 թվականից ի վեր, երբ հռչակագրով նունցիատուրաներ էին հաստատվել երեք անդրկովկասյան երկրում՝ նունցիայի նստավայր ընտրելով Թբիլիսին:

«Այդ իսկ պատճառով, ուսումնասիրելով Մոսկովյան պատրիարքության և Վատիկանի այս կամ այլ քայլերը Հայաստանում՝ պետք է ուշադրություն դարձնել դրանց պատմական ներկայությանը Անդրկովկասում: Ռուս Ուղղափոռ եկեղեցու դեպքում հիմք չկա կարծելու, թե այն ակտիվություն կդրսևորի Հայաստանի տարածքում: Իսկ այ Լեռնային Ղարաբաղում կցուցաբերի, ինչի մասին էլ խոսվել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ»,- հավելում է հեղինակը:

«Հասկանալի է, որ Մոսկովյան պատրիարքությունը չի պատրաստվում հայերին ուղղափառւթյան դավանափոխել, չէ որ մինչ այս պահը որևէ Հայ ուղղափառ եկեղեցի չի եղել, թեև կա Հայ կաթողիկե եկեղեցի: Այնպես որ այս առումով Էջմիածինը Ռուս Ուղղափառ եկեղեցուց վախենալու հիմք չունի: Վիճելի է մնում հարցը, թե որ թեմին կպատկանեն Լեռնային Ղարաբաղում հնարավոր ուղղափառ տաճարները: Դրանք կարող էին պաշտոնապես տրվել Բաքվի թեմին, սակայն դատելով այն հանգամանքից, որ Մոսկովյան պատրիարքությունն ու Հայ Առաքելական եկեղեցին պայմանավորվել են Երևանյան-հայաստանյան թեմի ստեղծման մասին, չի բացառվում, որ հենց դա էլ իշխող կդառնա Լեռնային Ղարաբաղում ուղղափառների համար»,- եզրափակում է հոդվածագիրը: