ՀԱՊԿ․ Եռակողմ հայտարարությունները բավարար են հակամարտությունը լուծելու համար․ Մինսկի խումբն էլ անելիք չունի՞

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Պողոսյանն անդրադարձավ այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությանը, թե մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են ԼՂ շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը:

Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ ՀԱՊԿ-ը փորձում է ակնարկել, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունները բավարար են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ սա որևէ կերպ չի կարող Հայաստանի շահերին համապատասխանել, քանի որ այդ հայտարարություններով ֆիքսվել են պատերազմի՝ մեզ համար շատ ցավալի արդյունքները:

Զրուցակցի խոսքով՝ ՀԱՊԿ այս հայտարարությունը նաև կասկածի տակ է դնում Մինսկի խմբի գործունեությունը.

«ՀԱՊԿ հայտարարությունը վտանգավոր միտում ունի, քանի որ այդ տրամաբանությամբ ստացվում է Մինսկի խումբն անելիք չունի և բոլոր հարցերը կարգավորված են եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով:

Եթե հայտարարվում է, որ եռակողմ հայտարարությունները բավարար են հակամարտությունը լուծելու կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու համար, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է Մինսկի խումբը: Մենք գիտենք, որ մեզ համար չափազանց կարևոր է Մինսկի խմբի աշխատանքների գործարկումը, որն էլ հստակ ուղերձ կհղի՝ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ»,-ասաց Բենիամին Պողոսյանը: