Կարս-2. Հայաստանի դեմ ոճրի հերթական եւ բնաջնջման ծրագրի հաջորդ փուլը՝ «Խաղաղության պայմանագիրը» Ռուսաստանը փորձելու է միջազգայնորեն ամրագրել իշխանության ու «ընդդիմության» ձեռքով

Մանրամասներ

1

1921 թ․ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյա ժամկետն ավարտվեց։ Ռուս-թուրքական համատեղ ոճրի հետեւանքն էր Հայաստանի առաջին Հանրապետության ոչնչացումը՝ տարածքների մեծ մասը բռնակցելով Թուրքիային ու այսպես կոչված Ադրբեջանին։ Ռուսաստանն այդ պայմանագրերով փրկեց Թուրքիային, նրան նվիրաբերելով Կարսը, Սուրմալուն, Արարատ լեռան շրջանը։ Նախիջեւանը, երկու տարի անց Արցախը բռնակցվեցին Բաքվին։ 1921-1923 թթ․ ռուսական ու թուրքական զորքերն արդեն խորհրդայնացված-ռուսական Հասյաստանում իրականացրին թուրքահայերի մնացորդների ոչնչացումը․ սպանվեց 400 հազար հայ, մնացածը քշվեցին Ռուսաստանի խորքերը՝ որպես եղբայրական երաշխիքներ Թուրքիային։

1921 թ․ իր նախաձեռնած պայմանագրերով Ռուսաստանը ոչնչացրեց Վիլսոնյան Հայաստանը եւ Սեւրը։ Հայերը հանուն միջազգային ինտերնացիոնալի զոհեցին ամենաթանկը՝ իրենց տարածքները, գրում էր Պրավդա թերթը։

 

1921 թ․ պայմանագրերով Ռուսաստանն ու Թուրքիան լուծում էին իրենց գոյության խնդիրը։ Զուր չէ, որ Կարսի պայմանագիրը կոչվում էր բարեկամության պայմանագիր։ 100 տարի անց Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են նույն խնդրի առաջ։ 2020-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Արցախում համատեղ ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումը» ուղիղ կապված են դրա հետ։ Հայաստանին պարտադրվում է նոր պայմանագիր՝ Կարս-2, որով պետք է «լեգիտիմացվեն» ռուս-թուրքական համաձայնությունները Հայաստանի մասնատման եւ ինքնիշխանության վերացման հաշվին։

Եթե հարյուր տարի առաջ միջազգային ինտերնացիոնալն էր, հիմա՝ «խաղաղության դարաշրջանը»։ 1921-ի Կարսի պայմանագիրն «ամրագրվեց» 1923-ի Լոզանի պայմանագրով՝ Հայաստան որպես սուբյեկտ չկար։ «Խաղաղության պայմանագիրը» Ռուսաստանը փորձելու է միջազգայնորեն ամրագրել Մինսկի խմբում՝ Հայաստանի սուբյեկտությունը վերացնելով ռուսահպատակ իշխանության ու «ընդդիմության» ձեռքով։

Ռուսաստանի գոյության հարցը գին պետք է ունենար՝ 1921-իոճրագործության դիմաց տարածքային եւ այլ հատուցմամբ։ Հայաստանի քաղաքական կոչված դասը, զլմ-ները, պատմաբան-քաղաքագետները, եզակի բացառություններով, խոր լռություն են պահել ու պահում 1921-ի ոճրի եւ դրա շարունակություն՝ ներկայիս իրադարձությունների հարցով, իսկ հայկական իրավունքներն ու պահանջներն անիրական ինչ որ բան են նրանց համար։ Այսպես կոչված ազգային-քաղաքական միտքն ընդունակ չէ նման խնդիրների ընկալման ու լուծումների, եթե նկատի չունենանք ռուսահպատակությունը բառի ամենանողկալի իմաստներով։

Հայաստանի աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդները երեկ Մոսկվայում երախտագիտություն, անվերապահ աջակցություն ու հնազանդություն հայտնեցին Մոսկվային ու Կարս-2-ին՝ Հայաստանի դեմ ոճրի հերթական եւ բնաջնջման ծրագրի հաջորդ փուլի համար։

Ինչպես դուրս գալ այս շղթայից՝ դա ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթը մերժող խմբերի խնդիրն է։

Սկզբնաղբյուր