Ռուսաստանի պատասխանն Իրանին

Մանրամասներ

1

Իրանի ԱԳ նախարարի կոչը Մոսկվային՝ դիրքորոշում հայտնել տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխություններին, անպատասխան է մնացել այն առումով, որ դիրքորոշում որպես այդպիսին հրապարակավ չի հայտնվել՝ Մոսկվան կողմ է, թե ոչ։ Սակայն նման հայտարարության բացակայությունն ինքնին պատասխան է, իսկ առավել խոսուն պատասխանը Կրեմլից ուղղորդվող քարոզչությունն է Հայաստան-Իրան առանցքի անհնարինության վերաբերյալ՝ այդ կապակցությամբ Հայաստանին ուղղված սպառնալիքներով։

Թեհրանը նկատի ունի Մոսկվայի, Անկարայի ու Իսրայելի ծրագրերը, երբ բարձրացնում է սահմանների հնարավոր փոփոխության հարցը։ Այդ եռյակի ծրագրերն ուղղված են Իրանի դեմ, որպես գործիք օգտագործելով Բաքուն, եւ դա է պատճառը, որ Իրանի առաջին դեմքերը խոսում են տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի» եւ ահաբեկիչների ներկայության մասին։

Մոսկվային ձեռնտու չէ Հայաստան-Իրան, առավել եւս Հայաստան-Իրան-Վրաստան առանցքը, որը Հայաստանի սուբյեկտության պահպանման հնարավորություն է եւ Ռուսաստանին դուրս է դնում տարածաշրջանից, ընդգծելով Հայաստանի կազմաքանդման ու մեկուսացման նրա քաղաքականությունը։ Իրանական կողմի բաց հայտարարություններն ու կոչերը Մոսկվային առավել են ընդգծում այդ հանգամանքը։

Մինչ հայ մամուլի ու փորձագետների հայտնի մասը չարչարվում է «Ռուսաստանը փորձում է հավասարակշռել Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ նախագծերի միջեւ» դրույթը հիմնավորելու վրա, Մոսկվան անցել է իր քաղաքականության ավարտական փուլին։ Դա ենթադրում է Իրանի հետ Հայաստանի կապի խզումը ՀՀ հարավի օկուպացմամբ, ինչպես նաեւ Վրաստանի չեզոքացումը, նրան ներգրավելով 3+3 հարթակում։

Ռուսաստանն, ինչպես նաեւ Թուրքիան ու նրանց պրոքսին, արձանագրում են, որ կողմ են սահմանների փոփոխությանը։ Հայկական ազգային ուժերը, որոնք չեն ընդունում եռակողմ հակահայ փաթեթը, սա կընդունեն ի գիտություն։

Սկզբնաղբյուր