Թուրքական ընդդիմադիր վեց կուսակցություններն ուժեղացնում են համագործակցությունը 2023 թվականի ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանին եւ նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը տապալելու իրենց ջանքերում, ինչը մեծացնում է նախագահի վրա ճնշումը, քանի որ սոցհարցումները վկայում են նրա իշխող դաշինքի աջակցության անկման մասին:
Բանակցողները հայտարարել են, որ, ընդլայնելով համակարգումը, որն օգնեց իրենց հարվածներ հասցնել Էրդողանին 2019-ի ՏԻՄ ընտրություններում, կողմերը երեքշաբթի անցկացրեցին երրորդ հանդիպումը եւ շաբաթական հանդիպումներ նշանակեցին` մինչեւ տարեվերջ ընդհանուր սկզբունքների համաձայնեցման համար:
«Ընդդիմությունը Թուրքիայում փորձում է անել մի բան, որը նախկինում երբեք չէր փորձել՝ միավորվել իշխանությանը դիմադրելու համար»,- ասել է քաղաքական մեկնաբան Մուրատ Էտկինը:
Էրդողանի կառավարությանն աջակցությունը թուլանում է` տնտեսական խնդիրների լուծման քննադատության ֆոնին, ինչպիսիք են բարձր գնաճը եւ գործազրկությունը, COVID-19-ի համավարակը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները:
Ըստ մասնակիցների` ընդդիմության բանակցություններն ուղղված են ընդհանուր սկզբունքների սահմանմանը, այլ ոչ թե նախագահի թեկնածուի շուրջ համաձայնության գալուն` նպատակ ունենալով հրաժարվել 2018 թվականին ներդրված կառավարման նախագահական համակարգից եւ վերադառնալ խորհրդարանական համակարգին:
IYI-ի փոխնախագահ Բահադիր Էրդեմն ասել է, որ իրենք պայմանավորվել են կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են դատական իշխանության, ԶԼՄ-ների եւ գիտական ոլորտի անկախությունը, ինչպես նաեւ` քաղաքական կուսակցություններին եւ ընտրություններին վերաբերող օրենքները` նպատակ ունենալով ամրապնդել իշխանության տարանջատումը եւ ժողովրդավարությունը:
«Այս վեց կուսակցությունների միավորումը մարդկանց հույս է ներշնչում: Պառակտման փոխարեն կա միասնություն, համախմբում ընդհանուր հիմքերի վրա»,- ասել է Էրդեմը` համեմատելով դա նրա հետ, ինչը ինքը բեւեռացում էր անվանել ԱԶԿ-ի կառավարման երկու տասնամյակների ընթացքում:
ԺՀԿ-ի փոխնախագահ Մուհարեմ Էրքեկը, ով նույնպես ներկա էր բանակցություններին, հայտարարեց, որ նախագահական համակարգը «Թուրքիային դեպի անդունդի եզրն է տանում», ինչը շատ ավելի մեծ իշխանություն է տալիս պետության ղեկավարին: «Քաղաքացիների խնդիրները բարդանում են այս միանձնյա համակարգի դեպքում: Խորհրդարանական համակարգի ամրապնդումը վստահություն է ներշնչում»,- ասաց նա:
ԱԶԿ-ի պատգամավոր Բյուլենթ Թուրանը խորհրդարանական համակարգը վերականգնելու բանակցությունները «հետադիմական» է անվանել` հայտարարելով, որ նոր համակարգը լավ է աշխատում եւ նվազեցնում է քաղաքական անկայունությունը:
0Comments