Երևանում կհանվի հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը

Մանրամասներ

ա

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:

ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ նիստում:

«Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»:

Կառավարությունը որոշել է վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման, քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացման տրամաբանություն: Երկրորդ նպատակն է՝ համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:

Համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից, անցած տարիներին համակարգի կիրառության շրջանակները՝ շահառուների, ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարների առումով պրոգրեսիվորեն են աճել: Եթե համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, ապա 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետև՝ մինչև 5000 և ավել շահառու: Ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել: Եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլրդ դրամ եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել, և 2020-ին կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ:

Առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: