Սյունիքում իմ ժողովուրդն ինձ շատ է սիրում. Արմեն Խաչատրյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ մշտապես գնում է Սյունիք, միայն ԱԺ նիստերի օրերին է գալիս Երևան, վաղը պատրաստվում է կրկին մեկնել Սյունիք:

Նա հերքեց լուրերը, թե իրեն Սյունիքում չեն սպասում:

«Նման տեղեկատվություն տարածողին կարող եք ասել, որ երբ Սյունիքում լինեմ, անպայման գա ու ինձ հետ հանդիպի: Հասկանամ, թե նման սուտ տեղեկատվություն ով է տարածում»,- նշեց պատգամավորը:

Սյունիքում Ձեզ կապիտուլյանտ ու դավաճան չե՞ն ասում՝ հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանեց.

«Ով պետք է ասի, նախ՝ որևէ մեկը չի կարող ինձ տենց բան ասի, երբևէ Սյունիքում նման բան չի էլ կարող լինել: Սյունիքում իմ ժողովուրդն ինձ շատ է սիրում, և ամեն ընտրություններին դուք համոզվում եք: Հիմա քարոզարշավ կա Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, ես զբաղված եմ այդ աշխատանքներով, ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ում ինչ են ասում»:

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ այդ անցակետից անցումը կատարվում է սահմանապահների և ՀՀ զորքերի ուղեկցությամբ:

«Այո, այդ ամենը խոչընդոտ է երթևեկության համար, որոշ ժամանակ՝ 10-15 րոպե, գուցե վարորդները ստիպված են լինում սպասել: Ես չեմ տեսել, որ մեկ ժամ սպասեն, առավելագույնը, որ սպասել ենք, 15 րոպե է եղել»,- շեշտեց նա:

168.am-ի հարցին՝ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի կարծիքով՝ թշնամու այդ անցակետը ոչ թե ՀՀ տարածքում է, այլ ադրբեջանական, իր համար այդ տարածքն ադրբեջանակա՞ն է, պատգամավորը պատասխանեց.

«ԽՍՀՄ նախանշած սահմաններով այդ հատվածը, որտեղ հենակետ են դրել, դա իրենց վերահսկողության տակ եղած սահման է եղել՝ ԽՍՀՄ քարտեզներով»:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում այդ հայտարարությունները մեկնաբանել, քանի որ դրանք երբեմն ցնդաբանություններ են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում