Իրանը թելադրում է իրավիճակը տարածաշրջանում. Հայաստանում մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն

Իրավիճակ

 

1

Հայաստանն, ի վերջո, դարձավ այն տարածաշրջանային խաչմերուկը, որտեղ նոր ուժով են բախվում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերն ու հավակնությունները: «Թավշյա» հորջորջված «հեղափոխությունից» հետո սրան էլ հենց հետևողականորեն բերվում էր իրադրությունը, ու հիմա լարված մրցավազքում հաղթելու համար գերտերությունները մեզ անտեսելու ու մեր շահերի հաշվին հարմար վերադասավորվելու հարցում միմյանց հերթ չեն տալիս: 2018-ին «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը գրկած փողոցներում խորոված վայելողներն այսօր դիտորդ դարձած հետևում են, թե ինչպես են մանրադրամի պես իրենց երկիրն ու անձամբ իրենց մանրում բոլոր այն գերտերությունները, որոնց հովանավորությունից ոգևորված իրենք «դմփ-դմփ-հու» էին բացականչում:

Տարածաշրջանում վերադասավորումներ են սկսվել, ինչը նոր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման և հների լուծարման հետևանք է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ թելադրողի ու առաջնորդի դերն անխուսափելիորեն ստանձնելու է այն պետությունը, որն առավել կենսունակ կգտնվի արագ ու որակյալ արձագանքելու բոլոր մարտահրավերներին: Այդ տեսանկյունից կարող ենք փաստել, որ Ռուսաստանը սկսել է սահուն հետ քաշվել մեր տարածաշրջանից՝ մտնլով պասիվ դիտորդի դերի մեջ: Սա ինչ-որ տեղ հասկանալի է՝ հաշվի առնելով ներքին ազդեցության բևեռների միջև այդ երկրում սկսված պայքարը, որը սրվել է հատկապես ընտրություններից հետո: Ռուսաստանում Պուտինն այս պահին առավելապես կենտրոնացել է իր ազդեցությունը վերականգնելու ու ներքին հակառակորդներին տապալելու վրա: Սրա մասին է փաստում նաև ոչ անհայտ Իսմայիլովի ձերբակալությունը: «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն, անդրադառնալով այս աղմկոտ իրադարձությանը, գրել է. «Պուտինը սկզբից շարքից հանեց Լուժկովենց, հետո անցավ Իսմայիլովին... Իսմայլովի բուրգը սկսեց քանդվել: Չերկիզոնը ձեռքից խլեցին, Պուտինը պնդեց, որ էդ գերթանկարժեք հյուրանոցները պետք էր ոչ թե Թուրքիայում սարքեր այլ ՌԴ-ում, որից հետո Իսմայլովը դիմեց փախուստի: Իսմայլովի կրտսեր պարտնյորները լեզու գտան Պուտինի նոր «ընդդիմադիրների» հետ՝ Մեդվեդևի, Լավրովի և այլոց գլխավորությամբ: Ու ինչպես տեսնում ենք, բավականին հաջողեցին ոչ մայն Ռուսաստանի ներսում, այլ, օրինակ՝ Արցախում... Անցած ՌԴ ընտրություններում Պուտինը սրանց էլ ջարդեց, ինչին հետևեց սրացումը Կոսովոյում, հետո էլ Բոսնիայում, ինչից հետո Մոնտենեգրոն համաձայնվեց արտահանձնել Իսմայիլովին: Բնականաբար՝ սրացումը միանգամից մարեց: Հակագրոհը սկսվել է բոլոր ճակատներով, այդ թվում՝ ինչպես տեսնում եք, Հայաստանում...»: Ամեն ինչից դատելով՝ Պուտինի համար այս պահին առավել կենսական են իր ազդեցությանը խոչընդոտողների չեզոքացման հարցերը, ու այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու՝ առնչվելով նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների, բայց սա այլ թեմա է...

Ի տարբերություն Ռուսաստանի, ում ջանքերը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում գնալով ավելի անպտուղ են դառնում, Իրանը ժամանակ չի կորցնում. այդ երկիրը շարունակում է հստակ մշակված ռազմավարությամբ գործել տարածաշրջանում՝ աշխարհին ի ցույց դնելով դիվանագիտական, ռազմական ու ռազմավարական հարուստ զինանոցի հնարավորությունները: Իրանը չի համոզում, այլ գրագետ մարտավարությամբ թելադրում է բոլոր խաղացողներին՝ ստիպելով հարգել ու հաշվի նստել իր համար կենսական բոլոր իրողությունների հետ: Սա, անշուշտ, փայլուն շանս է հարվածներից ուշքի չեկող մեր պետության ու ժողովրդի համար, շանս, որը համառորեն շրջանցում է Փաշինյանի իշխանությունը: Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն «ավետեց», որ Երևանը դրական ազդակներ է տալիս սահմանազատման հարցի լուծման մասով, և Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի, ու ամեն ինչ կրկին մտավ հին, ծանոթ հունի մեջ: Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա այստեղ գործընթացներն առավելապես ընդհատակյա բնույթ են կրում, և մենք միայն ականատես ենք լինում դրանց աննշան հրապարակային դրսևորումներին:

Իրանի ակտիվ դիրքավորումը փաստում է տարածաշրջանում նոր առաջնորդի հայտնվելու մասին: Այդ երկիրը նոր հայտ է ներկայացնում ու հայտարարել է մինչև վերջ գնալու մասին: Սա նշանակում է, որ Հայաստանը ևս պետք է վերանայի իր պահվածքը բազմաթիվ հարցերում՝ ենթարկվելով փոփոխությունների: Փոփոխությունները կարող են կրել ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական բնույթ. շատ բան կարող է փոխվել մեր երկրում, քանի որ շատ բան արդեն իսկ փոխվել է մեր տարածաշրջանում: Նոր առաջնորդը, հարկ եղած դեպքում, ինքն է ընտրելու նրանց, ում հետ իրեն հարմար է լինելու վարել գործերը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն, ինչի մասին հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը՝ փաստելով. «Մենք այդքան շատ ժամանակ չունենք սպասելու, որովհետև ժամանկը մեր օգտին չի աշխատում... »: