«Նիկոլ Փաշինյանի նկարին նայելով՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ…». Կարեն Անդրեասյանը՝ իր աշխատասենյակում կախված նկարի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է: Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և այո, լինում է ժամանակ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը, և արդյո՞ք որոշումներ կայացնելիս զրուցում է նրա հետ, հարցնում կարծիքը:

Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, զրուցո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի նկարի հետ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ եթե դուք զրուցում եք նկարի հետ, ես չեմ զրուցում:

Լրագրողները նախարար Անդրեասյանին ամեն դեպքում հիշեցրին, որ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր պետության ղեկավարի նկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելու անթույլատրելիության մասին, զարկ էր տալիս իր երևակայությանը ու ասում, որ պաշտոնյաները, նախագահի նկարին նայելով, նրան հարցնում են՝ հը՞, շեֆ, սա անե՞նք, թե՞ չանենք:

«Երևի նախկինում այդպիսի բան եղել է, ես այլ սկզբունքներով եմ առաջնորդվում: Դրոշը, գերբը, ղեկավարի լուսանկարն ինձ համար խորհրդանիշ են, որոնք արժեքներ են նշանակում, և դրանք պետք է հարգել ու դրանցով առաջնորդվել»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նկատելով, որ ինքը լուսանկարը փակցրել է՝ ելնելով իր արժեհամակարգից:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չի մտահոգում պրոֆեսոր Արմեն Չարչյանի վիճակը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ այնքան է մտահոգում, որ Արմեն Չարչյանը համարյա ժամեր չի անցկացրել խցում, այլ գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր հոգատարությունը նաև պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ: Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք և ամեն ինչ արել ենք օրինականությամբ, ու հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ ինձ տված վերջին զեկուցումների, որևէ վտանգ չի սպառնում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե նախկին նախարար Ռուստամ Բադասյանը բազմաթիվ կարգապահական վարույթներ էր հարուցում դատավորների նկատմամբ, Կարեն Անդրեասյանն ասաց՝ ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու:

«Շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ: Եվ դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցների, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցենք»,- հպարտորեն ասաց արդարադատության նախարարը:

Խոսելով վեթինգի մասին՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ հույս ունի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կօգնի իրենց՝ նկատի ունենալով, որ կբավարարի իրենց կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները:

«Իսկ թե ինչ է լինում ԲԴԽ-ում, բոլորիդ աչքի առաջ է լինում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր կարծիքով՝ ԲԴԽ-ն դեռ մի բան էլ քիչ է պատասխանատվության ենթարկել դատավորներին նախկինում:

Մանրամասները՝ տեսանյութում