Ալիևի հետ համաձայն ենք․ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ և չի էլ լինելու․ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և այդ պատերազմից դասեր քաղելուն, նկատեց՝ դասեր քաղելու համար մեկ տարին բավարար չէ, քանի որ պետք է հասկանալ ու ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

«Մենք պետք է մեր գնահատականներում ազնիվ լինենք, բոլոր պատճառներն ամենաբարձր մակարդակով առանց շահարկումների դիտարկենք։ Դրանից հետո, եթե ըմբռնենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ներքին ու արտաքին բոլոր գործոնները վերլուծենք, պետք է մշակենք համապատասխան ծրագիր ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։ Միայն այդ ամենն անելուց հետո կարող ենք ասել՝ պատերազմից դասեր քաղե՞լ ենք, թե՞ չենք քաղել։ Հետևաբար՝ մեզ սպասում է  երկարատև գործընթաց։ Բայց այն, որ առանց դասեր քաղելու հնարավոր չէ դուրս գալ այս ծանր վիճակից, և առանց դասեր քաղելու մենք կարող ենք կործանվել՝ սա միանշանակ է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե մարդիկ մտածում էին, որ Ալիևը պատերազմից հետո պետք է վերջ դնի իր հոխորտանքներին, չարաչար սխալվում էին։

«Մենք պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք, ինչ երկրի։ Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է լինենք ազգայնամոլ, չի կարելի ատել ոչ մի ժողովրդի, ժողովուրդը վատ կամ լավ չի լինում, պետությունն է լինում կա՛մ լավ, կա՛մ վատ։ Հետևաբար՝ սա օբյեկտիվ գործընթաց է, և Ալիևը չի կանգնելու, մենք պետք է իրեն կանգնեցնենք և կանգնեցնեք ճիշտ ձևով՝ դասեր քաղելով, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելով, միասնականությունը վերականգնելով, ատելության դեմ ներսում պայքարելով։ Հետաքրքիր բան է, մեկ բանում մենք Ալիևի հետ 100 տոկոսով համաձայն ենք՝ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ և չի էլ լինելու, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Եթե ինքը եկել է այդ ըմբռնման, պարզապես այս ձևով է արտահայտվում, ապա սա գուցե կարող է բանակցությունների համար դառնալ հարթակ։ Իսկ եթե ուզում է իր «երկաթե բռունցքը» ցույց տալ, ապա կարող եմ ասել, որ մաղձով տառապող մարդիկ, ի վերջո, ժանգոտվելու են, դա արդեն իրենց խնդիրն է։ Կարևորը՝ մենք ապաքինվենք ու դասեր քաղենք, եթե այդպես վարվենք, ապա ամեն ինչ կարգին կլինի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսևորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է, առաջին հերթին, հայկական պետության համար։

Ես արդեն ասել եմ, և այսօր՝ Հիշատակի օրը, մեր շեհիդների լուսավոր հիշատակի առջեւ ևս մեկ անգամ կասեմ՝ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի և պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի և Հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»,- ասել է նա Ադրբեջանում նշվող հիշատակի օրը ժողովրդին ուղղված իր ուղերձում: