Պուտինն ու Էրդողանը շտապում են, իսկ Իրանը նախազգուշացնում է Հայաստանին․ Ժամանակը սպառվում է

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արմենպրեսի հարցմանն ի պատասխան Երեւանում Իրանի դեսպանատունը մի շարք ուշագրավ շեշտադրումներ է կատարել։ «Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այս ձևաչափով է, որ արդիական է դառնում», մասնավորապես ասվում է դեսպանատան պատասխանում:

Հայաստանն ի վիճակի՞ է երաշխավորել իր ճանապարհների անվտանգությունն ու հուսալիությունը, եւ արդյոք առաջարկվող «հաղորդակցությունների ապաշրջափակումը» բխում է Հայաստանի՝ իր հաղորդակցությունների հանդեպ ինքնիշխանությունից, ինչն առավել խոշոր նախագծերի առաջխաղացման երաշխիքն է՝ սա է այս պարբերության իմաստը։

Խոշոր նախագիծը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա հաղորդակցական նախագիծն է, որը «խաչվում» է ռուս-թուրքական «միջանցքին»՝ Հայաստանի հարավի օկուպացմամբ ու Հայաստանը Իրանից կտրելով։ Իրանը դիմակայում է այս նախագծին, առաջարկելով իր տարածքը ռուս-թուրքական հաղորդակցության համար։ Ռուս-թուրքական այս ծրագիրն ուղղված է նաեւ Իրանի մեկուսացմանը եւ քաղաքական-անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնում Թեհրանի համար։

Մոսկվան ու Անկարան ներկայում ձգտում են սադրանքներով, շանտաժով ու խոստումներով համոզել Իրանին՝ միանալ իրենց նախագծին։ Ժամանակին Լավրովն էր խոստանում, որ Հայաստանի հարավում ռուս-թուրքական ծրագիրը չի հարվածի Իրանի տնտեսական ու քաղաքական շահերին, սակայն Թեհրանում հակված չեն հավատալ այս դատարկաբանությանը։

Իրանի դիրքորոշումն այս պահին առանցքային է Հայաստանի հարավի շուրջ զարգացումների տեսակետից։ Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության կեցվածքը ամենեւին չի նպաստում Իրանի՝ այս հարցում դիրքերի ամրությանը։ Իսկ ժամանակը չի սպասում՝ Մոսկվան ու Անկարան մտադիր են արագացնել այս ծրագրի իրագործումը Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպմանը։ Սկզբնաղբյուր