Հայ-թուրքական «ջերմացում»՝ Պուտին-Էրդողան Սոչիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ

Մանրամասներ

1

Թուրքական կողմը սկսում է հրապարակային դիվանագիտությամբ գնահատել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ՀՀ իշխանությունների ջանքերը: Մինչ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ամենակարևոր ու հետաքրքիր հանդիպումները, հայ-թուրքական հեռակա երկխոսությունը նոր նրբերանգներ է ստանում: Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, ով օրեր առաջ, շատ փորձագետների որակմամբ, գաղտնազերծեց Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հանդիպել, այն պայմանավորելով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում հայկական կողմի համաձայնությամբ, Նիկոլ Փաշինյանի փոխանցած ուղերձները դրական է որակում:

«Մենք ունենք համագործակցության տարբերակ, որն անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դրական ուղերձների հետ մեկտեղ՝ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում»,- ասել է Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին օդանավում՝ Միացյալ Նահանգներից Թուրքիա վերադառնալու ճանապարհին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այս հարցը քննարկվելու է Ռուսաստանի նախագահի հետ այս ամիս Սոչիում կայանալիք բանակցություններին։

Իր հերթին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report-ի հետ զրույցում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվելուց ու կառավարության ձևավորումից հետո դրական ազդակներ է հնչեցրել։ «Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- ասել է Չավուշօղլուն՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ վերաբերում է հետագա քայլերին, գործելու են Ադրբեջանի հետ համատեղ։ «Մեր ձգտումն է՝ կարգավորել հարաբերությունները։ Բնական է, այդ հարցում կարևոր են և Հայաստանի քայլերը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Կարծում եմ, որ օգտավետ կլիներ նաև բանակցություններ սկսել այդ կապակցությամբ։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք քայլեր կձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգված, և եթե պայմանները բավարարվեն, ապա և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են բացել սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ Սակայն այդ հարցում Հայաստանը չպետք է սահմանափակվի խոսքերով, այլ պետք է գործողություններ ու արդյունքներ տվող քայլեր ձեռնարկի»,- հստակորեն ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

ՀՀ իշխանությունների բազմաթիվ հրապարակային պնդումներից հետո, թե միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, Անկարան շարունակում է նախապայմաններ թելադրել, դեմ չլինելով ըստ էության գործընթացի, որում հայկական կողմը պետք է համաձայնի Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող միջանցքին, ինչպես նաև երկրորդ փուլով Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրին ադրբեջանական սցենարով: Չնայած սրան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին ասաց՝ բոլոր գոյություն ունեցող հարցերը քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզանից առաջ, նախկին իշխանությունները, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև, եթե նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևէ հարցում առաջ գնալ: Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսության»,- նշեց Գրիգորյանը: Նա ասաց՝ ընտրություններից առաջ և հետո իրենք խոսել են տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին. «Այդ տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, որը պետք է լինի աստիճանական»:

Ի դեպ, թե ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, թե ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերջերս նշեցին, որ փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովը որևէ միջանցքի հարց չի քննարկում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ սեպտեմբերի վերջին Սոչիում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցությունները չափազանց կարևոր են լինելու, ինչպես նաև այն ինչ-որ առումով լույս է սփռելու հայ-թուրքական հնարավոր զարգացումների վրա: Նախ, ըստ նրա, հարկ է արձանագրել, որ հանդիպումը տեղի է ունենում ռուս-թուրքական ոչ այնքան սրացման, որքան որոշակի տհաճ մթնոլորտում:

«Ինչպես գիտեք, թուրքական կողմը Ղրիմի վերաբերյալ որոշ տհաճ հայտարարություններ արեց, Սիրիա նոր ուժեր ուղարկեց, դրանք, բնականաբար, բացասաբար են ընկալվում Մոսկվայի կողմից: Մյուս կողմից՝ Էրդողանն ակնարկեց, որ Բայդենի հետ աշխատանքն այդքան էլ հարթ չի ընթանում, և հստակ նշեց ամերիկյան կողմի համար, որ Ռուսաստանի հետ C-400-ների գործարքն ավարտված է, որոշ դժգոհություններ ուղիղ տեքստով նշեց: Այս ամենի մյուս կողմն էլ այն է, որ կան տարաձայնություններ, բայց Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում, Աֆղանստանում վստահում է Թուրքիային: Ուստի պետք է շատ լավ հասկանալ գործընթացը, որ ամեն ինչ չէ, որ Ռուսաստանի համար կանխատեսելի ու վերահսկելի է: Թուրքիան այնուամենայնիվ հրապարակային դեռ խաղում է երկու ճամբարում՝ ունենալով իր առանձին հավակնությունները, որոնց մասին ես ամեն առիթով խոսում եմ՝ դա Մեծ Թուրանի ծրագիրն է, որը գուցե անիրականանալի է, սակայն Թուրքիան շարժվում է դեպի դա, և այդ միջանցքը շատ կարևոր հանգրվան է այդ ճանապարհին»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունների մի ենթաբաժինը հարավկովկասյան տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող զարգացումներն են, որտեղ կան նաև այլ խաղացողներ, ինչպիսին Իրանն է, Վրաստանը:

«Որքան էլ Ռուսաստանն ու Թուրքիան են դոմինանտ, սակայն ներկայիս դինամիկան պահանջում է ավելի լայն աշխատանք, և երևում է, որ այն ընթանում է՝ ՌԴ-ն աշխատում է նաև Իրանի հետ, Թուրքիան՝ Իրանի ու Վրաստանի, չեմ խոսում Հայաստանի ու Ադրբեջանի մասին, որոնք իրենց ավանդական տարածաշրջանային կապերն օգտագործում են: Ուստի, կարծում եմ, այս լայն դասավորությունը կքննարկվի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարարության իրագործման հարցը, որից հետո, կարծում եմ՝ շատ ավելի ակնհայտ ձևակերպումներ կլինեն նաև հայ-թուրքական հնարավոր նորմալացման կամ կարգավորման մասով»,- ասաց վերլուծաբանը, հավելելով՝ ռուս-թուրքական Սոչիում սպասվող բանակցությունները բավականին հագեցած են լինելու:

Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ բացի մեր տարածաշրջանից, Ռուսաստանն ու Թուրքիան ավելի կարևոր օրակարգեր ունեն այս պահին առնվազն Աֆղանստանում, Ղրիմում ու Սիրիայում, ինչպես նաև յուրաքանչյուրը՝ Արևմուտքի հետ հարաբերություններում:

«Որքան էլ վատ է այս տարածաշրջանի համար, սակայն այս տարածաշրջանը սովորաբար նման մեծ աշխարհաքաղաքական հաշիվների շրջանակում տուժում է: Այնուամենայնիվ իմ կանխատեսումն այն է, որ հանդիպումից հետո այս պահի տպավորությամբ լարվածությունը թուլանալու է և ընդհանուր առմամբ փոխըմբռնում է լինելու հատկապես Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան անլուծելի խնդիրներ չունեն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա կան նախանշաններ, որ կլինի գործընթաց, բայց թե դա ինչ մակարդակի նորմալացում կլինի, կդժվարանամ ասել, քանի որ հիմնական կանխատեսումը, որ ես լսում եմ և համարում եմ հնարավոր, այն է, որ լիարժեք կարգավորում միանգամից հնարավոր չէ»,- ասաց նա:

Սկզբնաղբյուր