Թող վարչապետը գա, պատասխանի՝ թե 30 հազար տոննա խաղողը որտեղ դասավորենք

Մանրամասներ

«Ծառուկյանի «Նոյ» մուլտի գրուպը ոլորտի խոշոր խաղացողներից է և նրա խաղող չընդունելը սոցիալական խնդիր է առաջացնելու: Եթե կառավարությունն իր տեղում լիներ, հստակ իմանար իր անելիքները, դեռ 2-3 ամիս առաջ պետք է իր հարաբերությունները պարզեր խոշոր խաղացողների հետ: Խաղողն արդեն փչանում է: 30 տոննա խաղող ունեմ, օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում»,- կառավարության շենքի մոտ Ամրավիրի մարզի խաղողագործների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից խաղողագործներից մեկը։

«Փաշինյանը, երբ մարզ էր այցելել, խոստացել էր,որ այլևս խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանալու: Այսինքն` խաղողագործը դեռևս մարտ-ապրիլ ամիսներին պետք է հստակ իմանա, թե խաղողը ո՞ր գործարաններին է հանձնելու, ի՞նչ ծավալի և ի՞նչ գնով: Սրանք շատ կարևոր բաներ են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։

«Գործող կառավարությունն ինքն է խաղողագործությունը հայտարարել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ճյուղերից մեկը, այսինքն՝ ստացվում է ,որ մենք ինքնըստինքյան պարենային անվտանգության խնդիր ենք լուծում»,- նշեց մեկ այլ խաղողագործ։

«Արմավիրում 30 հազար տոննա խաղող է մնացել, փոքր գործարաններ են մթերում՝ ինքնարժեքից էլ ցածր գնով։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը»,- պնդեց մեկ այլ խաղողագործ։