Վաղարշակ Հարությունյանի սև գործի «վտանգավոր» հետևանքները․ 168․am

Մանրամասներ

1

Օրեր առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական անցակետին՝ հայտարարեց. 

«Դուք գիտեք, և նաև այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել այդ մասին խոսելու, որ 2020թ. դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,- ասել է նա:

Ավելի վաղ, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը Փաշինյանը հիշեցրել էր Պաշտպանության նախարարության (ՊՆ) 2020թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունը:

«Պաշտպանության նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սլաքն ուղղում է պաշտպանական գերատեսչության վրա, իսկ իր հիշատակած ժամանակահատվածում պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, որին նա հրահանգել էր Սյունիքում ինչ-ինչ աշխատանքներ կատարել:

«Զինուժ մեդիա»-ի հարցերին ի պատասխան՝ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել էր, որ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը՝ մեր սահմանապահ զորքերի հետ միասին:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը և ասել,- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:

Վաղարշակ Հարությունյանի այս անհոգ պնդումներից հետո՝ 2021թ. փետրվարին, համացանցում տարածվեց ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Ներքոդրյալ փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:

Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։

Փաստաթղթի շրջանառումից հետո մայիս ամսին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախազգուշացրեցոր «թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը»:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Սև լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին, մնացել են 50-ը։ Բացի այդ, թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը նիկոլը ալիևին տվեց 2020թ. դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր, սյունեցիներ, Կապան գնացեք Հալիձոր-Տաթև-Կապան ճանապարհով։ Գիտեմ՝ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջևանի ու Ենոքավանի կողմերը»,- ֆեյսբուքյան իր էջում մայիսի 18-ին գրել էր Բագրատյանը:

Եվ ահա, սեպտեմբերի 9-ին պարզ դարձավ, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանական բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ավելին, Գորիս-Կապան ճանապարհից նույնիսկ իրանցի վարորդներ են ձերբակալվել։

Հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է՝ Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները և ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից, հայտնել էր, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկներ են ներկայացվել Բաքվին և Երևանին:

Այս ընթացքում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով այս ամենի հիմքում է կանգնած, և, թերևս, ազատվեց իր բաժին ծառայությունների ավարտից հետո, գուցե նոր պաշտոնի է սպասում, օրինակ, ՀԱՊԿ քարտուղարի: Իսկ մինչ այդ Վաղարշակ Հարությունյանի սկիզբ դրած սահմանազատման ծրագիրը փորձում է ավարտին հասցնել ՀՀ պաշտպանության արդեն գործող նախարար Արշակ Կարապետյանը: Մամուլում եղան հրապարակումներ, որ Մոսկվայում հայկական պատվիրակությունը՝ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ՝ կապված երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ:

Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանն այն կարծիքին էր, որ «այն քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը»:

Իսկ թե որքանով է ամուր մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը, կարծում ենք, մեկնաբանելու կարիք չկա:

Սկզբնաղբյուր