ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թալիբան»-ի հետ փոխգործակցության կոչ է արել

Մանրամասներ

ա

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է փոխգործակցի «Թալիբան» շարժման հետ, որն Աֆղանստանում վերցրել է իշխանությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք է փոխգործակցի «Թալիբան»-ի հետ, ՄԱԿ-ը պետք Է շատ կարևոր դեր խաղա այս դժվար պահին աֆղան ժողովրդին աջակցելու գործում և համաշխարհային հանրակցությանը մոբիլիզացնի աֆղանցիներին արդյունավետ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Նրանք չափազանց շատ են տառապել»,-ասել է Գուտերեշը:

Վերջերս Քաբուլ էր այցելել հումանիտար հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը: Նրա ուղևորությունից հետո «Թալիբան»-ը հավաստիացրել է ՄԱԿ-ին, որ կվերացնի արգելքներն այս և մյուս միջազգային կազմակերպությունների աշխատողների համար: Մասնավորապես, թալբիները խոստացել են, որ կվերացնեն խոչընդոտները ՄԱԿ-ի կողմից օգնություն ցուցաբերելու և դրա հետ կապված այն բոլոր նախագծերի համար, որոնք գործում են ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հսկողության ներքո: Բացի այդ, թալիբները պարտավորվել են «պաշտպանել հումանիտար աշխատողների կյանքն ու սեփականությունը և նրանց հարգանքով վերաբերվել»:

Բացի այդ, թալիբները խոսք են տվել պահպանել ՄԱԿ-ի ու մյուս բոլոր հումանիտար կազմակերպությունների օբյեկտների անձեռնմխելիությունը և խոստացել են համապատասխան մեխանիզմ մշակել փոխադարձ համաձայնության հիման վրա: Նրանք նաև խնդրել են միջազգային աջակցություն ցուցաբերել մի շարք բնագավառներում, այդ թվում՝ վերականգնման, թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերում, տնտեսական աջակցության գործում, անվտանգության հիման վրա աֆղանցիների վերադարձին: