Ադրբեջանցի զինվորը մտել է ավտոբուս ու անհարգալից պահանջել ուղևորների անձնագրերը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում իրանցի վարորդներից:

Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, որ իր ընկերներից մեկն ադրբեջանական ոստիկանության կետի գործարկման առաջին օրն այդ հատվածում ավտոբուսի մեջ է եղել և կապ է հաստատել իր հետ:

«Ադրբեջանցի զինվորը մուտք է գործել ավտոբուս, անհարգալից վերաբերմունքով պահանջել է ուղևորների անձնագրերը, անունները մեկ-մեկ արձանագրել է և ամեն ավտոբուսից և բեռնատարից շուրջ 50-120 դոլարի չափ իբր մաքսատուրք են վերցրել՝ ասելով, որ՝ դուք մուտք եք գործել Ադրբեջանի տարածք և պետք է վճարեք: Արդեն երեկվանից իրանական ԶԼՄ-ները, տելեգրամյան կարևոր ալիքները դրա մասին էին խոսում, արդեն հորդորում էին, որ զբոսաշրջիկները չգան Հայաստան, վտանգավոր է ճանապարհը:

Բեռնատարների վարորդների հետ էլ հարցազրույցներ կային, որտեղ նրանք ասում էին՝ մենք Հայաստանի տարածք ենք մտել, ինչո՞ւ պետք է երկու տեղում՝ մեկ Մեղրիում, մեկ Որոտանի հատվածում մաքսատուրք վճարենք: Այդ աղմուկն արդեն կա Իրանում: Իրանի ԱԳՆ երեկվա հայտարարության անդրադարձում էլ ընդգծվեց, որ Հայաստանն իրենց համար կարևոր է, այդ հատվածն իրենց համար կարևոր է: Ուրիշ վերլուծություն կար, ասվում էր, որ տարեկան շուրջ 400 մլն դոլարի չափ բիզնես ունի Իրանը Հայաստանի հետ, և Հայաստանի միջոցով են եվրասիական երկրներ դուրս գալիս, Հայաստանն իրենց համար կարևոր է: Ամենացավալին այն է, որ արդեն ժողովրդին հորդորում են, որ Հայաստան չգան: Բնականաբար, դա կազդի Հայաստանի տնտեսության վրա, բեռնափոխադրումների վրա, ապագա ներդրումների վրա, եթե իրավիճակն այսպես մնա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մատնանշած այլընտրանքային գրունտային ճանապարհին, նա նշեց, որ այդ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել.

«Ես եղել եմ այդտեղ. Հազիվ մի մեքենա է անցնում: Դա չի կարող այլընտրանք լինել, բայց եթե նման բան գուշակում էին, որ վարչապետը նման արտահայտություն է արել, պետք է նախապես այդ ճանապարհը սարքեին»:

Նրա խոսքով՝ 30 տարվա ընթացքում Հայաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախորդ իշխանությունները չեն հասկացել Իրանի կարևորությունը Հայաստանի համար. «Բայց նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ ավելի հարթ հարաբերություններ էին ընթանում Հայաստանի և Իրանի միջև: Կային դժվարություններ, օրինակ՝ գազի հարցում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որն այդպես էլ չսարքվեց, եթե սարքված լիներ, հիմա գուցե Ադրբեջանն իրեն այդպես չպահեր, բայց դժբախտաբար, այս վերջին 3 տարվա մեջ ամեն ինչ փչացավ:

Մի կողմից՝ Իրանն իր պաշտոնական հայտարարություններում ասում է, որ Հայաստանն իր ամենալավ հարևանն է, ունեն ամենալավ դրացիական հարաբերությունները, Հայաստանն էլ նույնն է ասում, բայց Հայաստանի դեպքում այն, ինչ ասում են, շատ տարբեր է նրանից, ինչ անում են:

Օրինակ՝ Իրանի հետ հարաբերությունները փչացրին՝ Իսրայելում դեսպանատուն բացելով, Բոլթոնի այցից հետո հարաբերությունները փչացրին՝ ասելով, որ երբ հարմար լինի՝ սահմանը կփակեն, ՔՊ-ական պատգամավորի անունը չտամ, որ նույն բանը խորհրդարանում ասաց: Եվ ամենակարևորը՝ նախագահ Սարգսյանի ժամանակ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին նախագահն այդ բացատրությունը տվել էր ԱՄՆ-ին, որ՝ մեր միակ ապահով սահմանն Իրանի հետ սահմանն է, դուք մեզ որ ճնշում եք, որպեսզի միանանք ձեր հակաիրանյան սանկցիաներին, մենք ենք տուժում: Նախագահ Սարգսյանի ժամանակ այդ խնդիրը չկար: Բայց նոր իշխանության ժամանակ այդ հայտարարություններից հետո Հայաստանը չուզեց սանկցիաների հարցում էլ շրջանցել և օգնել Իրանին, և պարսկական մամուլում և նաև պարսիկ վերլուծաբանների, քաղաքական գործիչների, պատմաբանների, լրագրողների հետ մեր հանդիպումներում բոլորը այդ հարցը բարձրացնում են, որ նախկինում Հայաստանն օգնում էր իրենց՝ շրջանցելու պատժամիջոցները, իսկ Հայաստանի նոր վարչակազմն ընդհանրապես ընթացք չի տալիս»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում