Քո խոսքը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հաճախ ենք դիմում Աստծուն մեր հարցերով՝ ցանկանալով հատկապես իմանալ, թե ինչպես պիտի հաղթահարենք մեզ բաժին հասած դժվարությունները: Եվ հատկապես ցանկանում ենք լսել, իմանալ գործնական խորհուրդներ: Եվ ինչո՞ւ միայն Աստծուն: Դժվարությունների հաղթահարման ուղիներ գտնելու նպատակով մեր հարցերն ուղղում ենք հնարավոր ամենքին՝ նրանց, ովքեր ունեն ավելի մեծ փորձ, ովքեր անցել են ավելի երկար ճանապարհ: Այդպիսով հույս ենք ունենում, թե կհաղթահարենք դժվարությունները: 

Եվ պատահում է նաև այնպես, որ ստանալով մեր հարցի պատասխանը՝ մերժում ենք այն, քանզի այդպես չենք տեսնում լուծման իրական ուղին, այդպիսի պատասխան չէ, որ ակնկալում էինք: Նույնն է և Աստծո հետ մեր հարաբերությունների դեպքում: Երբեմն, երբ ստանում ենք Աստծուց որևէ բացահայտում, պատասխան, որը մեր սրտով չէ, սկսում ենք կրկին փնտրել «ճիշտ» պատասխանը՝ իրականում փնտրելով այն, ինչ ցանկալի է մեզ: 

Այդպիսով ստացվում է՝ ցանկանում ենք Աստծու բացահայտածից ավելին տեսնել: Բայց ավելին, քան Աստված է բացահայտում մեզ, դժվար է տեսնել: Այո՛, երբեմն Աստված ամբողջական լուծումներ չի առաջարկում, այլ ցույց է տալիս, թե ինչից է պետք սկսել, ինչ կարելի է անել հենց այս պահին: Սակայն միևնույն է՝ ճանապարհը ցույց տալը ևս մեծ ու իրական բացահայտում է, որ հնարավոր է ստանալ միայն Տիրոջից: 

«Քո խոսքը ճրագն է իմ ոտքերի և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմ. 118.105),- ասված է սաղմոսներից մեկում: Իսկապես, Աստծո խոսքը ճրագ է, այլ ոչ թե լուսարձակ, որ կլուսավորի մեր ճանապարհն ամբողջությամբ և մենք ավելի հեռուն կկարողանանք տեսնել: Աստծո խոսքը մի փոքր ճրագ է, որը լուսավորում է միայն մեր առաջին քայլը: Մեր խնդիրն է կտարել այդ ուղղորդված առաջին քայլը, որով էլ հարթվելու է մեր իրական ու աստվածահաճո ճանապարհը: Ուստի՝ նոր ուղիներ փնտրելու փոխարեն փորձենք գնահատել այն, ինչ տրված է Աստծուց՝ անցնելով մեր՝ Աստծո լույսով լուսավորված աստվածահաճո ուղին:

qahana.am