Պետական պաշտոնյաները ևս կներկայացնեն ՊՇՌ թեստավորման արդյունքը. աշխատավայր մուտք չեն գործի, եթե չպահպանեն կանոնը. Ավանեսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook–ի իր էջում պատասխանել է կորոնավիրուսի դեմ պատվաստմանը վերաբերող և ամենահաճախ կրկնվող հարցերին։

Օգտատերերը նախարարին հարցրել են` նոր կանոնը հավասարապես տարածվո՞ւմ է բոլորի վրա, այդ թվում` պաշտոնյաների։
«Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում` պետական պաշտոնյաները, պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Եթե պետական պաշտոնյաները չպահպանեն այս կանոնը, նույնպես չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»,– գրել է Ավանեսյանը։
Երկրորդ հարցը հետևյալն է` եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչու պետք է պատվաստվել։

«Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց»,– պատասխանել է նախարարը։
Օգտատերերը հետաքրքրվել են նաև` արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին

«Այո պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից»,– նշել է Ավանեսյանը։
Իսկ ինչ վերաբերում է պատվաստումների պարտադրմանը, ապա նախարարը վստահեցրել է, որ որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։

«Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,– եզրափակել է նա։