Տխմարագույն «սեփական կետի» գինը

Մանրամասներ

ա

Շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում վերջին երեք տարիներին տեղի ունեցող գործընթացներին շատ դժվար է քաղաքական գնահատականներ տալ, քանի որ հասել ենք «անդառնալիության կետին»: Թերևս, միայն ամեն ինչ գլխիվայր շրջելուց հետո են այդ ամենի համար ի պաշտոնե պատասխանատու անձանցից որոշները հասկանում, որ կորցրածը հետ բերելն այլևս հեքիաթի ժանրից է։

Ասվածի վառ օրինակը Արցախի հիմնահարցի բանակցության շուրջ ստեղծված քաոսն է, երբ ամեն ինչ հավասարեցվեց գետնին՝ համարելով, թե «2018-ին Արցախի բանակցություններն, արդեն, գտնվում էին փակուղում»։ Ինչ խոսք՝ լոկ բառերով դա ասելը և հանրության մի հատվածի կողմից հերթական ծափահարությունների արժանանալը օրվա իշխանությունների հիմնական գործելաոճն է․ նրանք ամեն ինչ մատուցում են իրենց քիմքին հաճելի սոուսով՝ աղավաղելով փաստերն ու կեղծելով իրականությունը։

Փորձենք մի քանի շեշտադրումներ կատարել ղարաբաղյան բանակցությունների համար առանցքային նշանակություն ունեցող «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ և հասկանալ, թե դրանից հրաժարումն ինչի՞ հանգեցրեց։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Մադրիդյան սկզբունքների» մասին՝ հանրության միայն շատ նեղ շրջանակ է տեղյակ, թե իրականում ինչի մասին է խոսքը։ Ավելի քան 12 տարի բանակցային սեղանին գտնվող այս փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում տարաբնույթ կարծիքներ են հայտնում շատերը, ընդ որում, հաճախ պատկերացում չունենալով ոչ փաստաթղթի, ոչ էլ դրանում նշված սկզբունքների մասին: Որպես ասվածի վառ օրինակ՝ կարող ենք նշել ՀՀ գործող իշխանությունների դրսևորած վարքագիծը, թե ինչպես գլխապատառ հրաժարվեցին այդ փաստաթղթից՝ այն «գցելով» նախկինների գրպանը։

Եթե կարճ, ապա հիշյալ սկզբունքների հիմնական կետերը հետևյալն են`

  • հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ,

  • Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը,

  • շրջանի ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը,

  • Հայաստանի և Արցախի միջև միջանցքի բացումը,

  • հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա,

  • իրենց նախկին բնակության վայր երկու կողմերի փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում՝ խաղաղության պահպանման գործողությունները։

Ըստ էության սա մի փաստաթուղթ էր, որի սկզբունքներին ստիպված է եղել համաձայնել Ադրբեջանը, և որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, շարունակաբար ամրապնդելով հայկական կողմերի բանակցային դիրքերը։

Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարված և հնարավոր բոլոր առիթներով շահարկման առարկա դարձրած Մադրիդյան սկզբունքների մասին խոսելիս, պետք է ընդգծել մի կարևոր տարր․ չնայած այն փաստին, որ տևական ժամանակ բանակցվել է այդ փաստաթղթի շուրջ, սակայն և՛ Սերժ Սարգսյանը, և՛ տվյալ պահին բանակցող թիմը միշտ նշել են, որ Մադրիդյանն այն իդեալական ու ցանկալի փաստաթուղթը չէ, որի շուրջ կարելի է բանակցել, սակայն տվյալ իրավիճակում այլ կառուցողական և հարցի վերջնական կարգավորման տարբերակ ուղղակի չկար։

2019 թվականի նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի հարցի մասին, փաստացի առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ հրաժարվում է «Մադրիդյան սկզբունքներից» և բանակցությունները սկսում է իր սեփական կետից։

Ըստ էության այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար իշխանությունն Արցախի հարցում ողջ բանակցային գործընթացը նախ մտցրեցին փակուղի, այնուհետև հրաժարվեցին մինչ 2018-ը ձեռք բերված դիրքերից՝ ինչի վերջնարդյունքը եղավ փաստացի Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Փաշինյանը, գիտակցելով թե ակամայից, ընկավ Ալիևի լարած թակարդը և փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատելուց։ Չնայած ներկայումս բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում և Փաշինյանը, և մյուս պաշտոնյաները փորձում են անընդհատ առաջ տանել այն պնդումը, որ Արցախի հարցի կարգավորումն ու վերջնական լուծումը հնարավոր չէ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս, սակայն հենց իրենք իրենց անհեռատեսությամբ ու զրո դիվանագիտությամբ համանախագահ երկրներին դուրս մղեցին պրոցեսից։

Այս առումով տեղին է հիշել մի առանձնահատկություն ևս․ իր կառավարման 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը, ըստ էության, ոչ մի անգամ չի բանակցել Իլհամ Ալիևի հետ, նա ուղղակիորեն բանակցել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումները ներկայացնող անձանց հետ։ Ավելին, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ալիևը քանիցս տարբեր բիզնես-խողովակներով փորձել է առանձին բանակցությունների ձևաչափով քննարկել հարցը՝ շրջանցելով համանախագահներին, սակայն ջանքերն անպտուղ են եղել։ Դե իսկ Փաշինյանի հետ, ինչպես տեսանք բոլորս, դա ստացվեց հենց առաջին իսկ փորձից՝ Դուշանբեում՝ հայտնի «վերելակային քննարկման» ժամանակ։

Իր ողջ գործունեության ընթացքում Մադրիդյան փաստաթուղթը քննադատած Նիկոլ Փաշինյանը, ում թեթև ձեռքով մենք կորցրեցինք մեր դիվանագիտական կշիռն ու սուբյեկտային դերը, Արցախի 75 տոկոսը հանձնելուց, 5000-ից ավելի զոհեր և 10.000-ից ավելի հաշմանդամներ թողնելուց  հետո փորձում է անհասկանալի գործողությունների միջոցով նորից համանախագահներին բերել բանակցային սեղանի շուրջ, իսկ նրա «կառուցողական» բարեկամ Ալիևը բաց հայտարարում է, որ բանակցային գործընթաց չի կարող լինել և Արցախի մասին որևէ քննարկման մասին խոսելն անիմաստ է, քանի որ «Արցախի հարցը փաստացի լուծված է, որպես այդպիսին՝ ուղղակի չկա»։ Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցներով հետևողականորեն այն թեզն են առաջ մղում, որ Մինսկի խմբի գործունեությունը քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ է պարունակում և իրավական պատասխանատվության  պետք է ենթարկել: Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ գրել էր, որ ժամանակն է, որպեսզի Մինսկի խմբի համանախագահներին պատասխանատվության ենթարկեն 2005-2010 թվականների գործունեության համար՝ իբրև թե Հայաստանի հետ համագործակցության՝ ոչ իրենց օգտին պատրաստած զեկույցների համար: «Մենք պարտավոր ենք այդ հարցը բարձրացնել համապատասխան միջազգային քաղաքական կառույցներում և լեգիտիմ ուղիներ գտնենք Մինսկի խմբի համանախագահներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել էր  Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցներից մեկը:

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները մի ձեռքի շարժումով տապալեցին ամեն ինչ, նպաստեցին Մինսկի խմբի աշխատանքների վարկաբեկմանը, ինչը հետևողականորեն անում էր Ադրբեջանը, զրոյացրեցին Մադրիդյան սկզբունքները: Այն դեպքում, երբ այսօր պարզապես կերազեին, որպեսզի առնվազն Մադրիդյան փաստաթղթի նմանօրինակ մի փաստաթղթի շուրջ գոնե կարողանային բանակցել։

Գուցե շատերի, այդ թվում՝ Փաշինյանի համար ճակատագրի հեգնանք թվա, ինչ-որ տեղ՝ նաև անընդունելի, բայց եթե ժամանակին նա լսեր ընդդիմադիրների՝ այդ «կոռումպացված ու թալանչի նախկինների» բազմաթիվ զգուշացումները, այսօր երկիրն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի, այդքան տարածքային և մարդկային, նյութական կորուստներ չէին լինի, և Հայաստանն էլ լրիվ այլ օրակարգ կունենար:

Սկզբնաղբյուր