Դրախտիկի մոտ կոտրել են «Հունդաի» մեքենայի ապակին և գողություն կատարել․ Վիդեո

Մանրամասներ

Սեպտեմբերի 2-ին ոստիկանություն զանգած Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտ իր մեքենայից գողություն են արել:

Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում տվեց, որ ժամը 18-ի սահմաններում կոտրել են իր «Հունդաի» մակնիշի մեքենայի ապակին և գողացել թռչող տեսանկարահանող սարք, կնոջ բջջային հեռախոսն ու պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային և սոցիալական քարտեր, գումար: Ընդհանուր վնասը մոտ մեկ միլիոն 260 հազար դրամի էր:

Ճամբարակի ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների, Դավիթաշենի բաժանմունքի ու Սևանի բաժնի գործընկերների հետ: Պարզվեց, որ գողությունը կատարել են 21 և 30 տարեկան երևանցի երկու երիտասարդ` «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով:

Արդեն առավոտյան` սեպտեմբերի 3-ին, ժամը 10.20-ին, նրանք հայտնաբերվեցին մայրաքաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: