Գվինեայի կառավարության պաշտոնյաներին արգելվել է հեռանալ երկրից մինչեւ հետագա ծանուցումը, հայտարարել է նախագահ Ալֆա Կոնդեին տապալած բանակային ստորաբաժանման հրամանատարը, հայտնում է Reuters-ը:
Գնդապետ Մամադի Դումբույան Կոնդեի կաբինետի անդամներին, այդ թվում՝ վարչապետին եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտարարել է, որ նրանք պետք է վերադարձնեն իրենց ծառայողական մեքենաները: «Վհուկների որս չի լինի»,- ասել է նա մեկ օր անց հեղաշրջումից, որը միջազգային դատապարտման եւ պատժամիջոցների սպառնալիքների պատճառ է դարձել:
Ավելի վաղ Դումբույան ասել էր, որ «աղքատությունն ու համատարած կոռուպցիան» են ստիպել իր ուժերին հեռացնել Կոնդեին պաշտոնից:
Ակնհայտ հեղաշրջումը դատապարտել են Գվինեայի մի քանի ամենահզոր դաշնակիցները: ՄԱԿ-ը, Աֆրիկյան միությունը, Արեւմտյան Աֆրիկայի տարածաշրջանային բլոկը սպառնացել են պատժամիջոցներով:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ բռնությունը եւ հակասահմանադրական միջոցները կարող են խաթարել Գվինեայի կայունության եւ բարգավաճման հեռանկարները: «Այս գործողությունները կարող են սահմանափակել երկրին աջակցելու Միացյալ Նահանգների եւ Գվինեայի մյուս միջազգային գործընկերների կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
0Comments