«Թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում՝ ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»». Սերժ Սարգսյան

Մանրամասներ

1

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ

Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդեր Լեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն:

Ժամանակին ապօրինաբար Ադրբեջանին բռնակցված ԼՂԻՄ-ը հայատյաց Ադրբեջանի կազմից հանելու արցախահայության կամարտահայտությունը հիմնված էր պատմական դառը դասերի վրա. ոչ ոք չէր մոռացել Ադրբեջանի կազմում նույն հակաօրինական ձևով 1921թ. ընդգրկված Հայաստանի մեկ այլ հատվածի` Նախիջևանի իսպառ հայաթափումը, հայկական հազարամյա հուշարձանների հիմնահատակ ոչնչացումը, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում հայերի ջարդերը, բռնի տեղահանումներն ու ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների նպատակային ակտիվ վերաբնակեցումը: