«62 շիրակցիների գերեվարման գործով»՝ ով էր հրահանգել հայկական կապի օպերատորներին անջատել կապը. VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում

«Հանրային քննարկման մաս է դարձել, թե ով է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի գյուղերի հանձնման և 62 անձի գերեվարման պատասխանատուն: Իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության պատասխանատուն ամենասովորական զորամասի, ամենասովորական գումարտակի շտաբի պետն է, կոչումով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը»,- ասուլիսում ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Արսեն Ղազարյանն այն անձն է, որն, ըստ իշխանության, միակ մեղավորն է և այդ գյուղերի հանձնման ու 62 անձանց գերեվարման միակ պատասախանատուն է:
Փաստաբանի ներկայացմամբ, Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադված ՔՕ մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարել, մարտական դիրքերը թողնել, զենք գործադրելուց հրաժարվել և այլն:

«Արսեն Ղազարյանը երկարամյա փորձ ունեցող բազմամյա սպա է՝ անցած սխրագործությունների միջով, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի անձանցից էր, որոնք 14 օր շարունակ մարտական առաջադրանք է կատարել Ջրականում»,- ասաց պաշտպանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով, առավել քան խիստ անորոշ մեղադրանք է. «Վարույթն իրականացնող մարմինը հեռացել է մեղադրանքի որոշման առաջադրման գործող կարգից: Նկարագրված է մեղադրանքի որոշմամբ մի ամբողջ իրադարձություն՝ սկսած այն պահից, երբ Ղազարյանն իր ենթակա ստորաբաժանման հետ գտնվել է Հին Թաղերում և Խծաբերդում, մինչև նրանց՝ տակտիկական նահանջի պահը, վերջում նշված է արարքի քրեաիրավական որակումը, որից, պաշտպանական թիմին պարզ չէ, թե ինչի դեմ պետք է պայքարեն։ Ենթադրենք՝ մեղադրանք է առաջադրվում հրամանը չկատարելու դրվագով, մենք չգիտենք, այդ ներկայացվող իրադարձություններից կոնկրետ որ մասին է վերաբերում քրեաիրավական որակումը»։

Պաշտպանի խոսքով, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում տեղակայվել են ըստ վերադաս հրամանատարության կողմից տրված հրամանի, այսինքն՝ դիրքերը, որտեղ տեղակայվել են, չի եղել Արսեն Ղազարյանի հրամանով, այլ վերևից եկած հրաման, որը կատարել է Ղազարյանը: «Տեղաբաշխումը եղել է կապված աշխարհագրական դիրքից, հեռավորությունից, որից հետո ենթակա ստորաբաժանումների հետ կապը կտրվել է։ Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտնվել է ավելի բարձր դիրքերում և կապի միջոցներն առկա չեն եղել։ Արսեն Ղազարյանին տրվել է մի քանի ռադիոկապի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են կարճ ալիք, որոնցով հնարավորություն չի եղել կապն ապահովել»,- ասաց պաշտպանը:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա բուն հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։ «Այստեղ մենք ունենք շատ կարևոր հանգամանք, որին վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում. դեկտեմբերի 13-ին պատահականորեն հայկական կապի օպերատորներն անջատվում են տվյալ տարածքում։ Եթե մինչև այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն եղել է կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա հարձակման, գյուղերի հանձնման օրը բջջային կապ առկա չի եղել»,- ասաց նա: